Կիևը մտադիր է վերականգնել վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ

16:25     23 փետրվարի, 2015

Այսօր Ղրիմում տոնում են թերակղզու` Ռուսաստանին միանալու մեկ տարին:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը սկսվեց Ղրիմի` Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու գործընթացը:  Այս կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնական ուղերձով դիմել է Ղրիմի բնակչությանը: Նա հայտարարել է, որ Կիևը մտադիր է վերականգնել վերահսկողությունը «ժամանակավորապես բռնազավթված Ղրիմի թերակղզու» նկատմամբ: «Իշխանությունները արդեն ամեն ինչ անում են միջազգային դատարանների միջոցով Ղրիմի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգման համար»,-նշել է նախագահը: Պորոշենկոն 2014թ մարտին անցկացված հանրաքվեն որակել է որպես «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բաց ագրեսիան քողարկելու փորձ»:

Իր ելույթում նախագահը համոզմունք է հայտնել, որ Ղրիմի բնակչության մեծ մասը չի ճանաչում այդ հանրաքվեն: «Ղրիմում ոտնահարվում են էթնիկ ուկրաինացիների և Ղրիմի թաթարների իրավունքները»,-հայտարարել է Պորոշենկոն` խոստանալով գործի դնել բոլոր հնարավոր միջոցները այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ «Ղրիմի քաղաքակիրթ զարգացումը, նրա հարուստ պոտեցիալի օգտագործումը հնարավոր է միայն անկախ և միասնական Ուկրաինայի կազմում»: Նա խոստացոել է, որ «զավթիչները պատասխանատվության կերթարկվեն»:

Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսյոնովը, պատասխանելով Ուկրաինայի նախագահի այս հայտարարությանը, նշել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ այս կապակցությամբ ռազմական դատավարություն սկսելու իր մտադրության մասին: Նա բացառել է Ղրիմի պետական պատկանելության փոփոխության հնարավորությունը:


© armedia.am