Ջոն Քերի. Օրերս Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանվեն

11:21     24 փետրվարի, 2015

The New York Times-ը տեղեկացնում է, որ օրերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշում կընդունի: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպման ժամանակ: «Մենք հստակ գիտենք, թե ինչ է մատակարարում Ռուսաստանը անջատողականներին: Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել»,-հայտարարել է Քերին: Նա լրագողներին հայտնել է, որ քննարկվում են Ռուսաստանի դեմ ավելի լուրջ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը:

Քերին նշել է, որ, ի տարբերություն նախկին պատժամիջոցների, որոնցով ամերիկյան վարչակազմը փորձում էր ճնշում գործադրել բացառապես ռուսական իշխանությունների վրա, հիմա խոսքը պատժամիջոցների ավելի մեծ ազդեցության մասին է: Պետքարտուղարն ընդգծել է, որ այս նոր պատժամիջոցները կարող են ռուսաստանցիների մոտ բազմաթիվ հարցեր առաջացնել Պուտինի քաղաքականության մասին: Սակայն նա չի հստակեցրել, թե երբ այդ պատժամիջոցները կընդունվեն և ուժի մեջ կմտնեն:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկ Դեմեսմարկերը հայտարարել էր, որ ԵՄ պետք է ուժեղացնի ՌԴ դեմ պատժամիջոցները: Նա մասնավորապես առաջարկել է անհապաղ անջատել Ռուսաստանին SWIFT միջազգային բանկային  համակարգից: Բելգիացի պատգամավորն առաջարկել է նաև ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարությանը որպես ահաբեկչական կազմակերպություններ: 


© armedia.am