ԵՄ-ն դժգոհ է ռուս-հունգարական ատոմային պայմանագրից

12:10     24 փետրվարի, 2015

Եվրոպական հանձնաժողովն ուսումնասիրում է ռուս-հունգարական պայմանագրերը, որոնք նախատեսում են Պակշ քաղաքում ատոմակայանի շինարարությունն ավարտին հասցնել: Ըստ Բրյուսելի ներկայացուցիչների՝ պայմանագրի որոշ կետեր հնարավոր է` հակասում են ԵՄ ընդհանուր քաղաքականությանը:

ԵՄ դեռևս որևէ մեղադրանք չի ներկայացրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, ով հունգարական կողմից ստորագրել է պայմանագիրը: Պայմանագրերի՝ միացյալ Եվրոպայի սահմանած պահանջներին համապատասախանելիությունը ստուգում են միանգամից երկու հանձնաժողով: Հարցականի տակ են դրվում պայմանագրի ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական մասերը: Այդ մասին Financial Times-ին հայտնել են Բրյուսելում: Պայմանագրերը կնքելիս թույլատրված խախտումների հաստատման դեպքում դրանց իրականացումը կարող է արգելափակվել վետոյով, հնարավոր է` Բուդապեշտը ստիպված կլինի վճարել մեծ տուգանք:

Եվրոպական չինովնիկների դժգոհությունն է առաջացել մասանավորապես այն, որ «Ռոսատոմը» պայմանագիրը ստացել է առանց մրցույթի: Բացի այդ, Հունգարիան պայմանագրի ստորագրման թույլտվություն չի ստացել ատոմային էներգետիկայի հարցերով  եվրոպական գործակալությունից:

Հունգարիայում ևս համաձայնագիրը դարձել է քննարկումների և քննադատության առարկա: Ընդդիմությունը հայտարարում է, որ այն ոչ միայն շատ թանկ է, այլ նաև մեծացնում է Բուդապեշտի կախվածությունը Մոսկվայից: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները: Ըստ վարչապետի՝ ԱՄՆ ցանկացել է մասնակցել հունգարական նոր ատոմակայանի կառուցմանը և այժմ «ցավով է ընկալում, որ գործարքը իրեն  բաժին չի հասել»:

Հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությունը, ինչպես նաև «Հարավային հոսք» գազատարի ճակատագիրը՝ ատոմակայանի վերաբերյալ պայմանագրերի արգելափակումը իրատեսական է թվում: Այլ խնդիր է, թե ԵՄ որևէ կերպ կփոխհատուցի Հունգարիայի վնասները, թե վերջինս կդառնա «ընդհանուր քաղաքականության» հերթական զոհը, ինչպես Բուլղարիան:

Դեռ 2014թ-ի դեկտեմբերի սկզբին «Ռոսատոմը» հունգարական կողմի հետ ստորագրել է «Պակշ» ատոմակայանի երկու նոր էներգաբլոկի կառուցման  պայմանագիր: Բացի այդ, ռուսական կողմը ստանձնել է ատոմակայանին ծառայություններ մատուցելու և կայանը միջուկային վառելիքով ապահովելու պարտավորություններ:

«Պակշը» Հունգարիայի միակ ատոմակայանն է, որն ապահովում է երկրում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 42%-ը: Պայմանագրի վճարման համար Մոսկվան Հունգարիային առաջարկում է 10 մլրդ եվրո վարկ, որը նա կսկսի մարել էներգաբլոկների գործարկումից հետո:


© armedia.am