BRICS Զարգացման բանկը` ԱՄՆ հեգեմոնության դեմ

16:09     24 փետրվարի, 2015

Օրերս ՌԴ Պետդուման վավերացրեց BRICS շրջանակներում Զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը: Բանկի կառավարիչների խորհրդի առաջին նախագահը կլինի ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տնօրենների խորհուրդը կգլխավորի Բրազիլիայի ներկայացուցիչը, իսկ բանկի նախագահը, ով կընտրվի 5 տարով ռոտացիոն կարգով` կլինի Հնդկաստանի ներկայացուցիչը, հաղորդում է oko-planet.su-ն: Բանկի գլխավոր նպատակն է` BRICS պետություններում և զարգացող երկրներում ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման ծրագրերը:

Հիշեցնենք, որ այս բանկի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հուլիսի 15-ին Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում BRICS գագաթաժողովի ժամանակ: Շատ փորձագետներ այս բանկը բնութագրել են որպես ԱՄՀ, Համաշխարհային բանկին և ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող այլ գլոբալ ֆինանսական ինստիտուտներին այլընտրանք:

Բանկի ընդլայնված կապիտալի ծավալը կկազմի $100մլրդ, բաշխման կապիտալը` $50մլրդ, վճարվածը` $10մլրդ: Ենթադրվում է ստեղծել նաև պայմանական արժութային պաշարների բազա, որի նախնական ծավալը կկազմի $100մլրդ: Գլխավոր դոնորը կլինի Չինաստանը, որը կներդնի $41մլրդ, Ռուսաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան` յուրաքանչյուրը $18մլրդ, իսկ Հարավայրին Աֆրիկան` $5մլրդ: Ինչպես նշված է համաձայնագրում, բազան ձևավորվում է ազգային արժույթները ֆինանսային շուկաների տատանումներից պաշտպանելու նպատակով:

Տնտ. գիտ. դոկտոր Վալենտին Կատասոնովի կարծիքով, BRICS Զարգացման բանկի հիմնումը քաղաքական ակցիա է. «Դա Համաշխարհային բանկի համարժեքն է: Իր հերթին, պահուստային արժույթների բազան Արժույթի միջազգային հիմնադրամի համարժեքն է: Չի բացառվում, որ ԶԲ-ն կֆինանսավորի ոչ միայն կոնկրետ ծրագրեր, այլև վարկեր կհատկացնի բյուջետային նպտակների համար: Այս կառույցում Պեկինը ցանկանում է լինել, ինչպես Վաշինգտոնը ԱՄՀ-ում»:

Իսկ Գլոբալիզացիայի և սոցիալական շարժումների ինստիտուտի Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովի կարծիքով, թեև ԶԲ-ն Համաշխարհային բանկի համարժեքն է, սակայն այս ինստիտուտը «չի կարողանա նույնքան արդյունավետ աշխատել, որքան ՀԲ-ն, այն պարզ պատճառով, որ այն միահամուռ շահեր չի ներկայացնում: BRICS երկրների միջև լուրջ հակասություններ կան: Դեռ չեմ խոսում նրանց ազգային տնտեսությունների խնդիրների մասին: Բանն այն է, որ BRICS-ը չունի հավաքական տնտեսական դոկտրին»:

Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը նշում է, որ զարգացման բանկերի և ԱՄՀ գործառույթները սկզբունքորեն տարբեր են, այնպես որ «մրցակցության մասին խոսք չի գնում: ԱՄՀ-ն կոչված է ապահովել մակրոտնտեսական կայունություն, իսկ Զարգացման բանկը պարտավոր է զարգացում ապահովել: Այնպես որ այն չի կարող մրցակցել ԱՄՀ հետ նույնիսկ տեսականորեն: Բայց BRICS ԶԲ-ն կարող է մրցակցել Համաշխարհային բանկի հետ, որն ունի նմանատիպ գործառույթներ»:

 


© armedia.am