ԱՄՆ շարունակում է տուրք տալ ադրբեջանական կողմի սպառնալինքերին

16:49     24 փետրվարի, 2015

Երեկ կայացած հերթական մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին, պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչպես վերջինս կմեկնաբանի Ադրբեջան այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին՝  Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Հիշեցնենք, վերջիններս ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից դատապարտվել են ԼՂՀ տարածքում անչափահաս երեխային դաժանաբար սպանելու համար: Հարցին ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը մասնավորապես նշել է.

«Մենք նախկինում նույնպես դեսպան Ուորլիքի և ԱՄՆ այլ պաշտոնական ներկայացուցիչների  միջոցով բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը այս հարցում, համաձայն որի՝ մենք կողմ ենք այդ երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն: Մենք՝ ի դեմս Նուլանդի, կոչ ենք արել բանտարկյալներին վերադարձնել Ադրբեջանի իշխանությանը: Նախկինում կողմերը կարողացել են գալ փոխհամաձայնության՝ որպես մարդասիրական ժեստ, բանտարկյալներին վերադարձնելու վերաբերյալ: Նման մարդասիրական ժեստերը նպաստել են կողմերի միջև առկա լարվածության նվազմանը և նրանց միջև վստահության կառուցմանը: Ահա այս ժեստի մասին է խոսել Նուլանդը»:

Թե′ Նուլանդի, թե′ Պսակիի կողմից արված՝ բանտարկյալներին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու վերաբերյալ այս հայտարարությունները, ևս մեկ անգամ վկայում են, որ ԱՄՆ իշխանությունները, սովորության համաձայն, շարունակում են տուրք տալ ադրբեջանական կողմի սպառնալիքներին: Այլապես ինչ մարդասիրական ժեստի մասին կարող է խոսք գնալ, երբ Ադրբեջանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով շարունակում են իրենց բացահայտ հայատյաց հռետորաբանությունը: Չբավարարվելով դրանով՝ ադրբեջանական կողմը շարունակում է  ԼՂՀ-Ադրբեջան և ՀՀ-Ադրբեջան սահմաններին բացահայտ սադրանքներ հրահրել՝ կրակ բացելով ոչ միայն հայկական զինված ուժերի, այլ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների վրա: Հետաքրքիր է հիշու՞մ էր ԱՄՆ-ն նման մարդասիրական ժեստի հնարավորության մասին, երբ Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռը և օրեր շարունակ թույլ չէր տալիս հայկական կողմերին դուրս բերել ուղղաթիռի անձնակազմի դիերը:

Եթե այս ամեն դեռևս բավական չէ ԱՄՆ իշխանություններին՝ զերծ մնալու նման չհիմնավորված պահանջներ ներկայացնելուց, ապա մնում է նրանց նման կոչերին  պատասխանել՝ հղվելով այս թեմայի շուրջ այսօր Tert.am-ին տված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանությանը, որում նա մասնավորապես ասում է.

«Նույն Ադրբեջանին, որը հերոսացնում է Սաֆարովին, չգիտես ինչու որևէ նման կոչ չի եղել: Կարծում եմ՝ հարցը փակված է: Վաղուց փակված է: Մեր կողմից եղել է մարդասիրական մեծ դրսևորում և տեղի է ունեցել ժողովրդավարական երկրին վայել, բաց, թափանցիկ դատավարություն»:


© armedia.am