Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ էդուարդ Բասուրինը հայտարարել է շփման գծից ծանր զինատեսակները հետ քաշելու մասին, տեղեկացնում է lenta.ru-ն:
Բասուրինը հայտնել է, որ գործընթացը սկսվել է առավոտյան ժամը 9-ից: Նախատեսվում է 96 հրետանային միավորի նահանջ, այդ թվում` Դեբալցևոյի և Դոնեցկի ուղղություններից:
Լուգանսկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները ևս հայտնել են ծանր զինատեսակները հետ քաշելու իրենց մտադրության մասին, սակայն նշել են, որ այդ գործընթացը բացառապես կախված է պաշտոնական Կիևի գործողություններից:
Նշենք, որ ուկրաինական զինուժն արդեն հայտարարել է, թե չի պատրաստվում հետ քաշել ծանր զենքը, քանի որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում: