Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է միասնական մոտեցում ցուցաբերի Ուկրաինական ճգնաժամի հարցում: Նրա խոսքով, Ռուսաստանն իր հերթին պետք է ջանք գործադրի Մինսկի համաձայնությունների հիման վրա ճգնաժամի լուծման ուղղությամբ:
Ռախոյը հայտնել է, որ Իսպանիան սատարում է Մինսկի համաձայնությունները, որոնք կոչված են նպաստելու ճգնաժամի լուծմանը: Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել ԵՄ կողմից այս հարցի շուրջ միասնական մոտեցման ձևավորման անհրաժեշտությանը: «Մեզ համար կարևոր է, որպեսզի Եվրոպան միասնական դիրքորոշում ունենա ուկրաինական ճգնաժամի հարցում: Բոլոր որոշումները պետք է միասնական լինեն: ԵՄ-ն կշարունակի ֆինանսական և տնտեսական օժանդակություն տրամադրել Ուկրաինային»,- հայտնել է վարչապետը:
Ռախոյն ընդգծել է նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: