Փարիզում ավարտվել է նորմանդական քառյակի հանդիպումը

20:32     24 փետրվարի, 2015

Այսօր Փարիզում կայացավ նորմանդական քառյակի արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը:

Մոտ երեք ժամ տևած հանդիպման արդյունքների մասին խոսել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը:  Նա հայտնել է, որ հանդիպման ժամանակ Դեբալցևոյի հարցի շուրջ որևէ քաղաքական որոշում չի կայացվել: «Փոխարենը ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ»,-նշել է Կլիմկինը:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը լրագրողներին հայտնել է, որ պայմանավորվածություններ են  ձեռք բերվել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ուժեղացնելու և վերջինիս մուտքը հակամարտության բոլոր շրջաններ ապահովելու շուրջ: Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են ծանր տեխնիկայի հետ քաշելու հարցում խորացնել համագործակցությունը ԵԱՀԿ  դիտորդական առաքելության հետ :  

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ կողմերը պատրաստվում են քայլեր ձեռնարկել Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ մանդատը ևս մեկ տարով երկարացնելու ուղղությամբ, քանի որ հաստատված զինադադարը բավականին փխրուն է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը հանդիպման ավարտին որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն ավելի ուշ նա այս հանդիպումը բնութագրել է որպես բավականին «օգտակար»:


© armedia.am