Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին, հայտարարել է ՌԴ ԴՄԾ մաքսային վարչության պետ Վյաչեսլավ Գոլոսկոկովը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս պահին Մաքսային օրենսգիրքն արդեն պատրաստ է, այն գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում: Հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին»,-ասել է պաշտոնյան:
Նա նշել է, որ Հայաստանը որպես Մաքսային միության նոր անդամ և Ղրղզստանը, որը մտադիր է անդամակցել միությանը, «արդեն չեն կարողանա ազդեցություն ունենալ փաստաթղթի վրա»:
«Հայաստանն ու Ղրղզստանը միանում են արդեն գործող օրենսդրությանը և չեն կարող շտկումներ կատարել: Փաստաթուղթը մշակել են ՄՄ անդամներ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը»,-ասել է Գոլոսկոկովը: Ըստ նրա, փաստաթղթում նոր մոտեցումներ կան մաքսային վերահսկողությանը: Օրինակ, նախատեսված է անցում մաքսային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային եղանակի:
«Այդպես տեղի կունենա հայտարարագրերի ավտոմատ գրանցում, իսկ դեռևս շրջաններից շատերում դա ձեռքով է արվում և մոտ 2 ժամ է զբաղեցնում: Էլեկտրոնային գրանցումը 5 վայրկյան է պահանջում: Նոր օրենսգրքի ընդունմամբ մենք պետք է լիովին անցնենք էլեկտրոնային գրանցման: Գործընթացի ավտոմատացման շնորհիվ մաքսային հայտարարագրերի ստուգման համար կպահանջվի ոչ ավելի, քան 10 րոպե»,-ասել է ԴՄԾ մաքսային վարչության պետը: