Սիրիայի գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքին օրերս ներկայացրել է Արաբական քաղաքականության հետազոտության կենտրոնի կողմից հրատարակված գրքի բովանդակությունը, տեղեկացնում է hayernaysor.am-ը: Գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության, 1914 թվին հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված կրոնական և էթնիկ զտումների մասին:
Նա իր խոսքում շեշտել է, որ 10 միլիոն հայերից 5 միլիոնը Անատոլիայում էր բնակվում, երբ Օսմանյան կայսրությունը Թուրքիայում ընդունեց Էթնիկ զտումների մասին օրենքը:
Զաքին կենտրոնացել է գրքի այն հատվածի վրա, որտեղ նշված է, որ տեղի ունեցածը գերազանցել է օրենքի նպատակն այն առումով, որ կարճ ժամանակահատվածում Թուրքիայում որևէ ոչ մահմեդական բնակիչ չի մնացել` ջարդերի, ցեղասպանության և հատկապես դեպի Սիրիայի անապատներ բռնագաղթի հետևանքով:
Զաքին դատապարտելի է համարել այն հանգամանքը, որ թուրքերը բռնագրավել են գաղթական հայերի ունեցվածքը, որոնք համարվում էին Թուրքիայի հարուստ դասակարգ: Այդպիսով, Թուրքիան կարողացավ բարձրացնել իր տնտեսության մակարդակը` բռնագրավելով քրիստոնյաների և հատկապես հայ ժողովրդի կալվածքները:
Գրքի մեջ նշված է նաև, որ Պոլսո, Սև ծովի և Միջերկրականի կողմերում գտնվող գործարանների 95-96 տոկոսը հայերի և հույների սեփականությունն է եղել: Այսօրվա Թուրքիայի հարստության հիմքն այդ թալանված սեփականություններն են:
Զաքին ավարտում է իր խոսքը` ասելով. «Հայի հանճարն այս բացառիկ կարողության մեջ է` ոչնչից ստեղծել, կառուցել և հաղթահարել մահը»: