Ուկրաինական զորքերը և ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն համաձայնեցրել են զորքերի շփման նոր գիծը: Աշխարհազորայինները հայտարարում են, որ սկսել են զորքերի դուրս բերումն ըստ Մինսկի համաձայնությունների:
Զորքերի տեղակայման նոր, համաձայնեցված քարտեզը մշակվել է Դոնբասում միասնական վերահսկողության և կոորդինացման կենտրոնի կողմից և երեկ փոխանցվել է ԵԱՀԿ առաքելությանը: Այդ մասին հաղորդում է РосБАЛТ-ը՝ հղում կատարելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին:
ԵԱՀԿ առաքելությունն արձանագրել է նաև զորքերի տեղաշարժ, սակայն չի հաստատել, թե արդյոք դա կապված է զորքերի դուրս բերման, թե վերադիրքավորման հետ:
Փետրվարի 24-ին ԴԺՀ զորքերի հրամանատար Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ սահմանված տարածքից դուրս է բերվել 96 միավոր թնդանոթային հրետանի: Նա նաև հայտարարել է, որ զորքերի դուրս բերումը կշարունակվի, և ամեն օր դուրս կբերվի մի տեսակի զինամթերք:
ԼԺՀ իշխանությունները նույնպես հայտարարել են, որ դուրս են բերել հրետանու մի մասը Դեբալցևոյից: ԼԺՀ ժողովրդական ոստիկանության հրամնանատարի տեղակալ Վիտալի Կիսիլյովը խոստացել է, որ զորքերի դուրսբերումը կավարտվի մոտ օրերին:
Իր հերթին, Դոնբասում հատուկ օպերացիայի ուկրաինական զորքերի ղեկավար Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ . «Կիևը պատրաստ է դուրս բերել զորքերը հրադադարի ռեժիմի պահպանումից երկու օր անց միայն»: Նա նաև հայտարարել է, որ աշխարհազորայինները շարունակում են ռազմական տեխնիկայի տեղաշարժը դեպի շփման գիծ, մասնավորապես՝ դեպի Մարիուպոլ, կրակոցները, նրա խոսքերով, նույնպես շարունակվում են: