Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ներառել է իր 2014 թվականի ամենամյա զեկույցում՝ որպես ոչ պետական զինված կազմակերպություններ, հայտնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը:
«Չկա այլ որևէ խմբի տեսակ, որտեղ հնարավոր կլիներ նրանց դասակարգել, քանի որ թե′ ԴԺՀ և թե′ ԼԺՀ միջազգային հանրության տեսակետից չեն հանդիսանում պետություններ, այդ իսկ պատճառով, առավել քան բնական է, որ այդ ինքնահռչակ պետությունների տարածքում գործող ռազմական կազմավորումները համարվում են ոչ պետական զինված կազմակերպություններ»,- BBC-ի ռուսալեզու ծառայությանը հայտնել է Amnesty International-ի հետազոտությունների գծով ավագ տնօրեն Աննա Նեյսթատը:
Ցանկում բացի ԴԺՀ –ից և ԼԺՀ-ից ներառվել են նաև այլ կազմակերպություններ, ինչպես օրինակ` Իսլամական պետությունը, Բակո հարամը և Ալ-Շաբաբը: Ըստ իրավապաշտպանների՝ կառավարման հստակ մեխանիզմների և հաշվետվողականության, ինչպես նաև նրանց վրա ազդեցության լծակների բացակայությունը, հանդիսանում է այդ խմբավորումների բնորոշ ընդհանրական գիծը:
Amnesty International-ի տվյալների համաձայն՝ 2014 թվականին նվազագույնը 18 երկրում տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, մինչդեռ զինված կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքեր են գրանցվել ուսումնասիրված 160 հանրապետություններից 35-ում: Այս առումով իրավապաշտպաները հանդես են գալիս իրավախախտներին զենքի «անպատասխանատու» մատակարարման դեմ, ինչը սակայն չի ենթադրում զենքի բացարձակ էմբարգո: