Դեպի Մարս թռիչքն արդեն մոտ է

14:20     25 փետրվարի, 2015

Mars One հոլանդական ծրագրի կազմակերպիչներն արդեն 100 աստղագնաց-սիրողների են ընտրել, ովքեր առաջինը կթռչեն Կարմիր մոլորակ և այնտեղ մշտական գաղութ կհաստատեն, հաղորդում է բրիտանական Telegraph-ը: Ծրագրի ղեկավարն է Բաս Լանսդորպը:

 

Հայտերի ընդունումը սկսվել է 2011-ին, իսկ թեկնածուների խիստ ընտրությունը` 2013թ. ապրիլից: Ուսումնասիրվել է 202 586 հայտ, որոնցից առաջին ընտրությունն անցել է 1058 հոգի: Երկրորդ փուլ անցել է 660 մարդ, իսկ երրորդ` 50 տղամարդ և 50 կին: Նրանք բոլորն արդեն օն-լայն հարցազրույց են անցել ծրագրի գլխավոր սանիտարական բժշկի հետ և ապացուցել կազմակերպիչներին, որ լիովին գիտակցում են ծրագրի պոտենցիալ ռիսկերը, և թիմով աշխատելու պատրաստակամություն են ցուցաբերհայտնել: Նրանք բոլորը գիտեն, որ սա ճամփորդություն է մեկ ուղղությամբ, և իրենցից ոչ ոք չի վերադառնալու Երկիր:

Ընտրված 100 թեկնածուներից 39-ը Հյուսիսային և Հարավային Ամերիկայից են, 31-ը` Եվրոպայից, 16-ը` Ասիայից, 7-ը` Աֆրիկայից և 7-ը Օվկիանոսքից: Հաջորդ փուլում պետք է մնա 40 թեկնածու: Նրանք կմասնակցեն Երկրի վրա կրթական ծրագրին, որի շրջանակներում սահմանված ժամանակահատվածում կապրեն Մարսի վրա ապագա գաղութի երկրային կրկնօրինակում:

2018թ. մայիսին նախատեսվում է դեպի Մարս ուղարկել թեսթային մոդուլ, իսկ առաջին կամավորները Մարս կհասնեն 2023թ. ապրիլի 22-ին: Ժամանակակից շաթլը Կարմիր մոլորակ կիջեցնի անձնակազմի 24 անդամի, ովքեր կհաղթեն մրցույթի վերջնական փուլում, հաղորդում է Lifenews-ը: Mars One ծրագրի կազմակերպիչները մտադիր են Մարսի առաջին գաղութի կյանքը հեռարձակել ռեալիթի-շոու ձևաչափով:

Հիշեցնենք նաև, որ աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկ Դենիս Տիտոյի Inspiration Mars ոչ առևտրային հիմնադրամը պատրաստվում է Մարս ուղարկել երկու հոգու` ամուսինների: Ի տարբերություն հոլանդական ծրագրի, այս արշավախումբը կվերադառնա Երկիր:

Միաժամանակ NASA-ն և ԱՄՆ ՊՆ հեռանկարային հետազոտությունների վարչությունը (DARPA) սկսել են աշխատել Hundred-Year Starship նախագծի վրա, որի նպատակն է ստեղծել մարդկության պատմության մեջ առաջին տիեզերանավը` այլ մոլորակներ վերաբնակներ ուղարկելու համար, հաղորդում է Newsland.com-ը:

 

 


© armedia.am