Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Fox News-ին տված հարցազրույցում նշել է, ո ԱՄՆ-ն, ով «Եվրոպայում հաղթել է երեք համաշխարհային պատերազմ, այդ թվում՝ սառը պատերազմը», պետք է հնարավորինս շուտ զինի Ուկրաինային, հակառակ դեպքում՝ ռուսական տանկերը շուտով կմտնեն Եվրոպա: Ըստ Սահակաշվիլիի՝ Պուտինին ոչինչ չի կանգնեցնի, քանի որ նրա վերջնական նպատակն ԱՄՆ-ի ոչնչացումն է:
«Ռուսական ներխուժման» հեռանկարը Սահակաշվիլիի համար ավելի քան ռեալ է: «Պուտինը ցանկանում է վերցնել Ուկրաինայի ողջ հարավը և հասնել մինչև Մոլդովա, այնուհետև Կիևում կազմակերպել հեղաշրջում կամ խոշոր անկարգություններ: Բացի այդ Պուտինը նայում է բալթյան երկրների ուղղությամբ, քանի որ ցանականում է վերացնել ՆԱՏՕ-ն: Նրա վերջնական նպատակն ԱՄՆ-ն է, և, բնականաբար, Միացյալ Նահանգները պետք է արձագանքեն դրան»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:
Սահակաշվիլին, ով այժմ գլխավորում է Ուկրաինայի կառավարությանը կից գործող Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհուրդը, նշել է նաև, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը իրեն հիշեցնում է Աֆղանստանը: «Ինձ մոտ դեժավյու է: Այն ժամանակ ևս նավթի գները ցածր էին և Խորհրդային Միությունը պարտվեց տնտեսական ճակատում: Սակայն միայն այն բանից հետո, երբ Ռոնալդ Ռեյգանը և Չարլզ Ուոլսոնը աֆղանցի ապստամբներին տրամադրեցին զինիթա-հրթիռային համալիրներ, խորհրդային կայսրության վերջը եկավ»,- նշել է Սահակաշվիլին:
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա վարչակազմը արդեն «լավ աշխատել են»՝ ստիպելով եվրոպական երկրներին Ռուսաստանի դեմ կիրառել սանկցիաներ: Սակայն, ըստ Սահակաշվիլիի, Ուկրաինային այժմ անհրաժեշտ է ավելին, քան սանկցիաները: Անհրաժեշտ են հակատանկային սպառազինությունը, գերճշգրիտ ռադիոլոկացիոն համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: «Խնդիրը նրանում է, որ ուկրաինացիները իրենց կյանքի գնով պաշտպանում են արևմտյան արժեքները, ուստի Արևմուտքը պետք է նրանց պաշտպանի»,- նշել է նախկին նախարարը:
Ընդ որում՝ Սահակաշվիլին կարծիքով «Ուկրաինան չի կարող հարձակվել Ռուսաստանի վրա այդ հակատանկային զենքով»: «Նրանք չեն կարող ներխուժել Ռուսաստան հրետանու հայտնաբերման ռադիոլոկացիոն կայաններով և հետախուզական անօդաչու թռչող սարքերով: Սակայն նրանք կարող են զսպել ռուսական զորքերի ներխուժումը»,- նշել է նա: