Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ լարիի արժեզրկման հետ կապված: Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը:
Ակցիան տեղի է ունեցել «Tbilisi Marriot» հյուրանոցի մոտ, որտեղ կայացել է ֆինանսաների նախարար Նոդար Խադուրիի և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը Վրաստանի մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ:
«Մենք պահանջում ենք այս նախարարների և ողջ կառավարության հրաժարականը: Նրանց պատճառով երկրում սկսվել է խորը տնտեսական ճգնաժամ: Դրա պատասխանատվությունն ընկած է նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմի ուսերին»,- հայտարարել են ակցիայի մասնակցիները:
Դոլարի նկատմամբ վրացական լարիի արժեքի անկումը սկսվել է դեռ 2014թ-ի նոյեմբերի 20-ից: Վերջին երեք ամսվա ընթացքում լարին արժեզրկվել է մոտ 20%-ով:
Նշենք, որ լարիի անկումը հանգեցրել է նաև բնամթերքի և դեղորայքի շուկայում գների բարձրացման, ինչը լրացուցիչ դժգոհության առիթ է դարձել:
Բացի այդ, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է, որ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման հարցերով կարգավորիչ ազգային հանձնաժողովը, ազգային արժույթի փոխարժեքի նվազման հետ կապված, չի բացառում էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունը: Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում առնվազն չի բացառվում, որ այն կհանգեցնի շղթայական նոր թանկացումների այլ ոլորտներում ևս:
Որպես լարիի արժեզրկման հիմնական պատճառ՝ մասնագետներն առանձնացնում են մի շարք գործոններ: Դրանցից ամենակարևորը արտահանման նվազումն է, ինչը պայմանավորված է ուկրաինական հակամարտությամբ, որից տուժել են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի տնտեսությունները, ովքեր հանդիսանում են Վրաստանի համար կարևոր առևտրային գործընկերներ: Բացի այդ, զգալիորեն նվազել են դրամական փոխանցումները Վրաստան, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ: Վրացական տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև օտարերկրյա ներդրումների կրճատումը, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքի սեզոնային նվազումը:
Հաշվի առնելով հարևան Ադրբեջանում արդեն մի քանի օր շարունակվող մանաթի արժեզրկումը՝ կարող ենք ենթադրել, որ այն ևս իր ազդեցությունը կունենա Վրասանի տնտեսության վրա՝ պայմանավորված երկկողմ առևտրատնտեսական սերտ հարաբերություններով:
Չնայած Վրաստանի կառավարության կողմից դրամավարկային քաղաքականության կոշտացմանը՝ այն դեռևս ցանկալի արդյունք չի ապահովում, ավելին՝ շատ տնտեսագետներ կանխատեսում են, որ լարիի արժեզրկման տեմպերը կպահպանվեն: