ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինա ուղարկել ռազմական փորձագետների, ովքեր կզբաղվեն բժշկական անձնակազմի վերապատրաստմամբ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում անելով Պենտագոնին: Նախատեսվում է, որ 5-10 հոգուց բաղկացած ռազմական փորձագետների խումբը Կիև կժամանի հաջորդ ուրբաթ:
Սա արդեն Ուկրաինայի զինված ուժերի բժշկական անձնակազմին վերապատրաստելու նպատակով ուղարկված ամերիկյան փորձագետների երկրորդ խումբն է: Անցյալ տարի ամերիկացիները ծանոթացրել են ուկրաինական բանակի մոտ 300 զինվորների մարտի դաշտում բժշկական օգնություն ցույց տալու հիմունքներին:
Մեծ Բրիտանիան ևս պատրաստվում է Ուկրաինա ուղարկել ռազմական փորձագետների, ովքեր կզբաղվեն ուկրաինական բանակի անձնակազմի վերապատրաստմամբ: Այս մասին փոխանցում է BBC-ն: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը հիմա կանգ չառնի Ուկրաինայում, ապա վաղն ականատես կլինենք իրավիճակի ապակայունացման Մոլդովայում և բալկանյան երկրներում»: Քեմերոնը չի բացառել Ուկրաինա զենք մատակարարելու հավանականությունը` նշելով, որ հիմա խոսքը մահացու զենքի մասին չէ: