Չորեքշաբթի օրը, փետրվարի 25-ին, Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել Կատալոնիայի ինքնավար մարզի 2014թ. նոյեմբերի անկախության հարցումը:
Որոշումն ընդունվել է դատարանի անդամների կողմից` միաձայն: ՍԴ դատավորների մեկնաբանությամբ, իրավական հիմքերը, որոնցով իրականացվել է հարցումը, հակասում են Իսպանիայի Սահմանադրությանը:
Դատարանի որոշմանն ի պատասխան, ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասն իր ափսոսանքն է հայտնել, հավելելով, որ շրջանում սեպտեմբերի 27-ին իրականացվելիք արտահերթ ընտրությունները կդառնան հանրաքվեի այլընտրանք:
Ավելի վաղ, Իսպանիայի Սահմանադրական դատարանը ընդունել էր նոյեմբերի 9-ի հանրաքվեն ապօրինի հռչակելու վերաբերյալ երկրի կառավարության կողմից ներկայացված հայտերը: Հայտերի դիտարկումը պետք է հինգ ամսով կասեցներ հանրաքվեի անցկացման աշխատանքները: Սակայն հարցումն իրականացվեց և քվեարկողների 80%-ից ավելին կողմ արտահայտվեց մարզի` Իսպանիայից անկախանալուն: