Շ. Քոչարյան. Թուրքիան ավելի սրեց ուշադրությունը ապրիլի 24-ի՝ հարյուրամյա տարելիցի հիշատակի օրվա նկատմամբ

12:21     26 փետրվարի, 2015

«Ի տարբերություն այն մոտեցման, որն ունի հայությունը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նկատմամբ, Թուրքիայում Գոլիպոլիի օրը ոչ թե ներքին էություն է, ոչ թե պահանջ է, այլ ավելի շատ քաղաքական, քարոզչական մի մեկնարկ է: Այսինքն՝ իրենց համար կարևոր է ոչ թե այդ օրը նշելը, այլ կարևոր է, թե քանի երկրի ղեկավար կլինի այդ միջոցառումներին», - այս մասին նախօրեին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ‪Կենտրոն հեռուստաընկերության «‪Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցի շրջանակներում:

ԱԳ փոխնախարարն ասել է, որ մրցակցության մեջ մտել է Թուրքիան. «Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեին Թուրքիայի քայլերը, կտեղափոխեր նա Գալիպոլի օրը անպարկեշտ ձևով հենց ամսի 24-ին, թե ոչ, միևնույն է, մենք նշելու էինք զոհերի հիշատակի օրը, միևնույն է, մենք հրավիրելու էինք արտասահմանյան պատվիրակություններ: Դա բնական է: Ինչ վերաբերում է Թուրքիային, նա փորձեց առաջացնել մրցակցություն այդ երկու իրադարձությունների միջև: Եվ իր համար դա շատ անհաջող քայլ էր: Անհաջող էր մի շարք պատճառներով»:

Պատճառաբանելով, թե ինչու էր դա անհաջող քայլ՝ Շ. Քոչարյանն ասել է, որ դրանով նրանք է՛լ ավելի սրեցին ուշադրությունը ապրիլի 24-ի՝ հարյուրամյա տարելիցի հիշատակի օրվա նկատմամբ՝ անկախ նրանից՝ այս կամ այն պետությունը կուղարկի պատվիրակություն Գալիպոլիի միջոցառմանը, թե չի ուղարկի:

«Դա էլ ավելի ընդգծեց այն պատասխանատվությունը, որն ունեն ներկայիս Թուրքիայի իշխանությունները՝ առերեսվելու սեփական պատմության հետ»,- ասել է նա:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին, Շ. Քոչարյանը նշել է, որ սա իրավական քայլ է: «Մեզ համար անտրամաբանական է պահելը այդ արձանագրությունները Ազգային ժողովում, երբ որևէ գործողություն չի կատարվում... Հաջորդ հարցը՝ ինչու դա հիմա արվեց: Որովհետև հասունացել էր պահը` ազդանշան ուղարկելու թե՛ Թուրքիայի իշխանություններին, թե՛ միջազգային հանրությանը, թե՛ բոլոր այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Մյուս կողմից, այն հանգամանքը, որ արձանագրությունները միայն հետ են կանչվում Ազգային ժողովից, խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, ինչպես ի սկզբանե, այնպես էլ այժմ անկեղծորեն տրամադրված են, որ այդ հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների»:


© armedia.am