Դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին և Օբամա-Բայդեն վարչակազմին դադարեցնել Թուրքիայի հետ հարաբերություններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շահարկումը: Ինչպես փոխանցում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոնգրեսականն այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ:
«Այս տարի լրանում է ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ես հույս ունեմ, որ Դուք` սենատոր Քերի, ապրիլի 24-ին քաջություն կունենաք ցեղասպանություն բառով բնութագրելու 100 տարի առաջ Անատոլիայում տեղի ունեցած դեպքերը»,-ասել է Շերմանը:
Առաջիկան մի քանի շաբաթների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում սպասվող զարգացումների մասին պետքարտուղարին հարցեր են ուղղել նաև այլ կոնգրեսականներ: Մեկ այլ դեմոկրատ կոնգրեսական Սիսիլլինը նշել է, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պետք է հնարավոր ամեն ինչ անել վերջինիս մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: «Մենք պետք է համոզվենք, որ նման ողբերգություններ այլևս չեն կրկնվի»,-նշել է Սիսիլլինը:
Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսական Շերմանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր բարձրացրել են հայոց ցեղասպանության հարցը այս լսումների ժամանակ: