Ժնևում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել հատուկ հանձնախմբի վերջին նիստը, որտեղ քննարկվել է Կաթողիկոսարանի կողմից Սիսի Հայոց կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացվելիք թղթածրարի վերջնական տարբերակը, տեղեկացնում է hayernaysor.am-ը` հղում կատարելով «Արմենպրես»-ին:
Մասնագետներից կազմված համապատասխան հանձնախումբը վերջին երկու տարվա ընթացքում հանդիպումներ է անկացրել` պատրաստելու համար Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով կազմված դատական թղթածրարը:
Հիշյալ թղթածրարն իր վերջնական ձևն է ստացել և մոտ օրերս կներկայացվի Թուրքիայի Սահմանադրական դատարան: Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել էր «Հայաստան Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը:
«Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից», -ասել է նա: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում և հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը: Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո` 1441-ին, Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ, Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: