Սիրիական բանակի հարձակումը երկրի չափավոր ընդդիմության ներկայացուցիչների վրա «ճանապարհ կհարթի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ԱՄՆ-ի կողմից հարձակման համար»: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Եթե Ասադն Իսլամական պետության դեմ պայքարի պատրվակով հարձակվի նրանց վրա, դա դուռ կբացի Ասադի վրա ԱՄՆ-ի հարձակման համար», - ասել է Քերին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
Նրա խոսքերով «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս չի որոշել Ասադի վրա հարձակվելու վերաբերյալ, սակայն նա կարծում է, որ անհրաժեշտ է պաշտպանել մեր վերապատրաստած ընդդիմությանը»: Քերին նաև ընդգծել է, որ «եթե ԱՄՆ-ը չոչնչացներ Ասադի քիմիական զենքը, ապա այն արդեն ԻՊ-ի ձեռքում կլիներ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիան և ԱՄՆ-ը հայտարարեցին, որ պատրաստ են սկսել «սիրիական ընդդիմության» պատրաստումը: «Առաջիկա օրերին մենք ԱՄՆ-ի հետ հուշագիր կստորագրենք սիրիական չափավոր ընդդիմության վերապատրաստման և զինման մասին: Վերապատրաստումը, հավանաբար, կսկսվի մարտին», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: RIA Novosti-ն նշում է, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել են Սիրիական ազատ բանակի ավելի քան 2000 զինյալների վերապատրաստելու Թուրքիայի և ԱՄՆ-ի ծրագրերի մասին: Զինամթերքը տրամադրվելու է ԱՄՆ-ի կողմից, իսկ վերապատրաստումն իրականացնելու են թուրք մասնագետները: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը ծրագրում է տարեկան զինել Սիրիական ազատ բանակի 5000 զինյալների, որոնցից 2000-ը՝ Թուրքիայի տարածքում:
Նշենք, որ սիրիական ընդդիմության վերապատրաստման և զինման շուրջ բանակցությունները Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բավական երկար ժամանակ շարունակվել են: Թուրքիան ցանկանում էր, որ ԱՄՆ-ն Ասադի տապալումն ու թուրք-սիրիական սահմանի վրա բուֆերային գոտու ստեղծումը դիտարկի որպես առաջնահերթություն: