Այսօր՝ փետրվարի 26-ին, կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Այս մասին տեղեկացնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով: Առաջին չվերթով Հայաստան կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ: «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: ՀՀ-ում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել են կապերը Երևանի և Էրբիլի միջև: Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին քրդական Rudaw գործակալությունը հայտնեց, որ Հայաստանը հյուպատոսություն է բացելու Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում: Բացի այդ, Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանին լեզվի մասին օրինագիծ ստորագրեց, որի համաձայն քրդերենի և արաբերենի հետ միասին հայերենը, թուրքմեներենը և ասորերենը դարձան պաշտոնական լեզուներ ինքնավարության այն հատվածներում, որտեղ հայեր, թուրքմեններ և ասորիներ են ապրում: Որոշ տվյալների համաձայն ներկայումս Իրաքյան Քրդստանում գրեթե 4 հազար հայեր են ապրում:
Հայաստանի և Իրաքի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000 թվականին: Նույն տարի Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանություն, իսկ 2001 թվականին Երևանում բացվել է ԻՀ դեսպանությունը: 2003թ. Իրաքում սկսած պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանությունները ընդհատեցին իրենց գործունեությունը: 2010 թվականի հոկտեմբերից Հայաստանը վերաբացեց իր դեսպանությունը Իրաքում, իսկ 2012թվականին վերաբացվեց Երևանում Իրաքի դեսպանությունը:
Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին Իրաքում մինչև 35 հազար հայեր էին ապրում: Նրանց մեծ մասը կենտրոնացած էր Բաղդադում, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններում՝ Բասրայում, Քիրքուքում, Մոսուլում և Էրբիլի մերձակայքում: 2000-ական թվականների սկզբից հայերի մեծ մասը հեռացավ Իրաքից, և այժմ Իրաքում ապրող հայերի մասին հստակ տվյալներ չկան: