Մեկնարկել է ՄԻԵԴ-ում հայաստանյան դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի երկրորդ փուլը

16:53     26 փետրվարի, 2015

Այսօր՝ փետրվարի 26-ին, մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայաստանյան դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի երկրորդ փուլը, որն անց է կացվում հարցազրույցի տեքսով:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյան, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյան և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ:

Նշենք, որ հարցազրույցները կանցկացվեն երկու օրով:  

 

Տեղեկանք

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի մարմին է, Ստրասբուրգում գործող միջազգային դատարան: Դատարանի խնդիրն է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը և հարգանքը ԵԽ անդամ պետությունների կողմից, ինչն էլ իրականացնում է անհատների, որոշ դեպքերում պետությունների ներկայացրած բողոքների հիման վրա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Հոդվածի 32-ի, տարածվում է բոլոր այն հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք հանձնվում են համապատասխան հոդվածներով նախատեսված դեպքերում: Դատարանի վերջնական որոշումները պարտադիր իրավաբանական ուժ ունեն անդամ պետությունների համար:

Դատարանի կազմում ընդգրկված են ԵԽ անդամ, այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած պետությունների թվին համապատասխանող (ներկայումս՝ 47) դատավորներ: Սակայն անդամ դատավորները Դատարանում ներկայացնում են միայն իրենք իրենց և իրավունք չունեն որևէ պետության անունից հանդես գալու: ՄԻԵԴ-ում դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից վեցամյա ժամկետով: Նրանք կարող են պաշտոնավարել մինչև 70 տարեկանը:

Դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը, սակայն դիմումները կարող են ներկայացվել անդամ պետությունների պաշտոնական լեզուներից որևէ մեկով:

ՄԻԵԴ-ում գործերը քննվում են յոթ անդամներից բաղկացած Պալատի կամ տասնյոթ դատավորներից կազմված Մեծ պալատի կողմից: Սակայն մինչև գործի՝ ըստ էության քննության անցնելը այն պետք է բավարարի ՄԻԵԴ-ի ընդունելության չափանիշներին, որոնք ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են խստացվում՝ հաշվի առնելով ստացվող դիմումների մեծ քանակը: Եվ այսպես՝ ՄԻԵԴ-ի կողմից հայցն անընդունելի ճանաչելու հիմք կարող է լինել՝

  1. իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառված չլինելը (Հոդված 35.1),
  2. վեցամսյա ժամկետի խախտումը (Հոդված 35.1),
  3. անանուն գանգատը (Հոդված 35.2 (a)),
  4. կրկնակի գանգատը (Հոդված 35.2 (b)),
  5. գանգատի՝ այլ միջազգային ատյան ներկայացված լինելը (Հոդված 35.2 (b)),
  6. գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահումը (Հոդված 35.3)։

Ընդունելության չափանիշներին բավարարելու դեպքում գործը վերցվում է ըստ էության քննության: Պալատի կողմից ընդունված որոշումների հետ անհամաձայնության դեպքում պատասխանող պետությունը կարող է այդ որոշումը բողոքարկել տասնյոթ դատավորից բաղկացած Մեծ պալատում, որի վճիռներն արդեն վերջնական են և պարտադիր անդամ պետությունների համար: Դատավճռի կատարման վերահսկման համար պատասխանատու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն: Դատարանի վճիռները չկատարելը լուրջ քաղաքական հետևանքներ կարող է առաջացնել պետության համար՝ ընդհուպ մինչև Եվրոպայի խորհրդում անդամությունից զրկում:

 


© armedia.am