Կառավարական տեսուչները մասնակցել են Taraf-ի խմբագրական ժողովին

18:03     26 փետրվարի, 2015

Կապիտալի շուկաների վարչության (SPK) տեսուչները մասնակցել են Taraf օրաթերթի խմբագրական հանդիպմանը: Այս մասին հայտնել է օրաթերթի լուրերի համակարգողը` «աննախադեպ» հանդիպման բացառիկ լուսանկարը տեղադրելով օրաթերթի առաջին էջում:

Միաժամանակ Taraf-ի լրագրող Ջունեյթ Օրուչը Tweeter-ում գրել է, որ «չորեքշաբթի օրվա խմբագրական ժողովը սկսվել է տեսուչների ժամանումով» և ավելացրել.  «կառավարությունը, որը հայտարարում է իր երկրում «ամենաազատ» մամուլի առկայության մասին, հետընթաց է ապրել` ներկայանալով խմբագրական հանդիպմանը SPK  տեսուչների միջոցով»:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ թուրքական իշխանություններն իրականացրել էին մի շարք լրագրողների, սցենարիստների և պրոդյուսերների ձերբակալություններ: Samanyolu հեռուստաընկերության տնօրեն Հիդայեթ Կարաջան դեռ գտնվում է բանտում: Սակայն Taraf-ի դեպքն աննախադեպ է նույնիսկ Թուրքիայի նման մամուլի ազատության խիստ սահմանափակումներով երկրի համար: 

Այս ամենի ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը դեկտեմբերին հայտարարել էր, թե թուրքական մամուլն աշխարհի «ամենաազատ» մամուլն է:


© armedia.am