Փետրվարի 24-27 ընթանում է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի այցը Ռուսաստան: Փետրվարի 25-ին ՏԱՍՍ գործակալությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում նախագահն անդրադարձել է Ռուսաստանի հանդեպ Եվրամիության պատժամիջոցներին, ուկրաինական ճգնաժամին և կիպրական հարցի կարգավորմանը:
ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս, նա ասել է, որ Կիպրոսը դեմ է դրանց: «Կիպրոսը միակ երկիրը չէ, որը դեմ է պատժամիջոցների կիրառմանը: Մի շարք այլ երկրներ նույնպես կիսում են այս տեսակետը, և եթե նրանք իրենց դժգոհությունը չարտահայտեին և ամեն հնարավոր բան չանեին, պատժամիջոցները շատ ավելի կոշտ կլինեին, որոնք միևնույն է` ապարդյուն են»,- ասել է Անաստասիադիսը:
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, Անաստասիադիսը նշել է, որ Ուկրաինային զենքի մատակարարման դեպքերին ինքը տեղյակ չէ, սակայն, նույնիսկ եթե այդպիսիք եղել են, Կիպրոսը դեմ է դրանց: Նա նշել է, որ Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծել «ոչ ռազմական ճանապարհով և ոչ էլ պատժամիջոցներով», այլ դիվանագիտական մեխանիզմներով:
Նախագահը նշել է, որ վերջին շրջանում կրկին աճել է Կիպրոսում ռուսական ներդրումների քանակը:
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ-ն կօգնի Կիպրոսին հաղթահարել ֆինանսական ճգնաժամը:
Կիպրոսի նախագահի խոսքով, երկու երկրների միջև թարմացվել է արդեն գոյություն ունեցող համաձայնությունը, որով ռուսական նավերն իրավունք են ստանում մուտք գործել կղզու նավահանգիստներ: «Այս իրավունքը նախատեսում է մարդասիրական նպատակներով ռուսական նավերի մուտքը կիպրական նավահանգիստներ՝ նավերի վերալիցքավորման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի քաղաքացիներին հարևան երկրներից տարհանելու նպատակով»,- ասել է Անաստասիադիսը:
Այսպիսով, Հունգարիայի օրինակին հետևեց նաև Կիպրոսը՝ դատապարտելով ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները և դեմ գնալով ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականությանը: Փոխարենը՝ Կիպրոսը կստանա Ռուսաստանի օժանդակությունը ՝ ճգնաժամի հաղթահարման հարցում:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին դեմ արտահայտվող երկրների թիվն օրեցօր աճում է: Սրանք երկրներ են, որոնց տնտեսությունը մեծապես տուժում է ՌԴ հետ առևտրատնտեսական կապերի խզման արդյունքում: