ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսները և ուսանողները Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աշխատակիցների և փորձագետների հետ միասին քննարկել են առաջիկա տարիներին Ղազախստանի զարգացման ռազմավարությանը, ղազախական հասարակության առջև ծառացած խնդիրներին, արտահերթ նախագահական ընտրություններին, Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Սեմինար-քննարկումը կազմակերպվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Ղասախստանի դեսպանատան ջանքերով «Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում: Համաժողովի ժամանակ զեկույցով հանդես են եկել Հայաստանում Ղազախստանի հյուպատոս Աբու Ժանբոլատ Մոլդաբայուլին, Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների ծառայության ղեկավար Մանվել Ղումաշյանը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանը և արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը:
Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Բոզժիգիտովը և բանախոսները սեմինարի մասնակիցներին են ներկայացրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Ղազախստանի նոր քաղաքականությունը, երկրի ընտրած զարգացման ուղին, որը նախանշվել էր Ղազախստանի ժողովրդին ուղղված նախագահ Նազարբաևի ուղերձում: Մեծ ուշադրություն է հատկացվել նաև ղազախական հասարակության կրոնական հանդուրժողականությանը և պետության համապատասխան քաղաքականությանը: Զեկույցներում նշվել են առաջիկա տարիներին Ղազախստանի տնտեսության զարգացման ուղղությունները, ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ Ղազախստանի քաղաքականության առանձնահատկությունները, ինչպես նաև Ղազախստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների միտումները մինչև 2050թ:
Միջոցառման մասնակիցներն ընդգծել են դրական փորձի փոխանակման և Հայաստան-Ղազախստան համագործակցության զարգացման կարևորությունը: Ուսանողները հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես ԵԱՏՄ շրջանակներում Ղազախստանի ներկայիս քաղաքականության և կառուցվածքի ընդլայնման ղազախական տեսության նկատմամբ: Նշենք, որ նման հանդիպումները և համագործակցության հարթակների համատեղ քննարկումները, փորձի փոխանակումը հատուկ արդիականություն ստանում է` կապված Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և երկու պետությունների՝ մեկ տնտեսական տարածքում ինտեգրվելու հետ: