«Եթե Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, Ռուսաստանը կհետևի իր պարտավորություններին, որոնք ամրագրված են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված (29.08.1997) պայմանագրի, Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական բազայի մասին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրի (1995 թվականի մարտի 16) և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի (1992 թվականի մայիսի 2) դրույթներում», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Regnum գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և նա, բնականաբար, իրավականորեն ամրագրված պարտավորություններ ունի մեր երկրի ռազմական անվտանգությանն աջակցելու հարցում։ Ավելին, Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ հիմնադիր-անդամներ են, հետևաբար, փոխադարձ պարտավորություններ ունեն հավաքական անվտանգության և բազմակողմ հարաբերությունների ձևաչափով։ Երկու երկրների գլխավոր շտաբերը առաջին տարին չէ, որ իրականացնում են Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի պարագայում համատեղ գործողությունների օպերատիվ պլանավորում»։ «Մենք էլ, մեր կողմից, ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում, առաջին հերթին, հենվում ենք ՀՀ Զինված ուժերի և պաշտպանության բանակի մարտունակության վրա՝ որպես ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելման և հակառակորդին պարտության մատնելու առավել արդյունավետ գործոն, եթե զսպման համակարգը բավարար չլինի», - նշել է պաշտպանության նախարարը։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հարձակողական զինամթերքի մատակարարմանը՝ Օհանյանն ասել է, որ «այս հարցը շատ զգայուն է մեզ համար»։ «Մի կողմից, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն զենքի առևտուր անելու անքակտելի իրավունք ունի, սակայն նաև կարծում ենք, որ ռազմավարական գործընկերոջ շահերն ու մտավախությունները պետք է հաշվի առնվեն։ Հույս ունեմ, որ մեր ռուս գործընկերները մշտապես հետևում են Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը և փորձում են չափավորել մեր հարևանի «ռազմական մոլուցքը»»։
Գնահատելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ «ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չի կարելի անտեսել, քանի դեռ հակամարտության կողմերը վերջնական կարգավորման չեն հասել»։