Քերի. Իրանի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի և Իսրայելի միջև չպետք է վերածվեն «քաղաքական ֆուտբոլի»

10:10     2 մարտի, 2015

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ` իսրայելական լոբբիի՝  Իսրայելա-ամերիկյան հասարակական հարցերով հանձնաժողովի այսօր կայանալիք համաժողովին կմասնակցեն նաև ԱՄՆ-ի նախագահի`  արտաքին քաղաքական հարցերով երկու գլխավոր խորհրդականները՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի  դեսպան Սամանտա Փաուերը: Համաժողովին վերջիններիս մասնակցության նպատակն է մեղմացնել իսրայելական լոբբիի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ: Թել-Ավիվը՝ ի դեմս ԱՄՆ-ում իսրայելական լոբբիի, գտնում է, որ Իրանի հետ միջուկային պայմանագիրը պետք է հիմնված լինի վերջինիս միջուկային ողջ ենթակառուցվածքի ոչնչացման վրա: Նրանց կարծիքով համաշխարհային ուժերի կողմից Իրանի հետ կնքված ցանկացած այլ գործարք սպառնում է հրեական պետության անվտանգությանը:

Սակայն, ըստ Օբամայի վարչակազմի,  բանակցությունների սեղանին այլևս չկան նման նախապայմաններ: Վաշինգտոնում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում նման կոշտ քաղաքականության որդեգումը կարող է հանգեցնել Իրանի հետ  զինված հակամարտության, ինչը բնականաբար ցանկալի չէ:

Մարտի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում նախատեսվում է Իսրայելի վարչապետ  Բենյամին Նաթանյահուի ելույթը, որի ժամանակ վերջինս հանդես կգա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների քննադատությամբ:

Կոնգրեսի վերոնշյալ նիստին չմասնակցելու մասին արդեն հայտնել են մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ: Այդ նիստին չի մասնակցի նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը, ով հանդիսանում է նաև Կոնգրեսի խոսնակը: Նշենք, որ Իսրայելի վարչապետի` Վաշինգտոնում գտնվելու ընթացքում չի նախատեսվում է նաև հանդիպում նախագահ Օբամայի հետ:

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները չպետք է վերածվեն «քաղաքական ֆուտբոլի» ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, քանի որ երկու կողմն էլ այս հարցում ունեն միևնույն նպատակը: 


© armedia.am