Օրերս Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հայտնի ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունը բավական լայն արձագանք ունեցավ ինչպես ներռուսաստանյան, այնպես էլ միջազգային շրջանակներում:
Ինչպես յուրաքանչյուր խոշոր քաղաքական գործչի հետ կապված ցանկացած դեպք, սա ևս առիթ դարձավ տարաբնույթ քննարկումների և վարկածների տեղիք տվեց: Քննարկվող վարկածներն իրենց բնույթով բազմազան են՝ պատվիրված սպանությունից մնչև անձնական հաշվեհարդար:
Ընդդիմության վարկածով սպանությունն ունի քաղաքական մոտիվներ: Որոշ ընդդիմադիրներ անգամ բացահայտ կերպով մեղադրում են Ռուսաստանի ղեկավարությանը՝ սպանությունը կապելով մարտի 1-ին նախատեսված ընդդիմության երթի հետ, որին մասնակցելու էր նաև Նեմցովը:
Իրավապահներն, իրենց հերթին, չեն բացառում, որ սպանությունը կապված է Յարոսլավի շրջանի խորհրդարանում նրա պաշտոնավարման հետ: Դեռևս չի հերքվել նաև անձնական դրդապատճառներով սպանության վարկածը, ինչը պայմանավորված է քաղաքական գործչի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովի այն հայտարարությամբ, թե Նեմցովը մինչև վերջերս սոցիալական ցանցերով տարբեր սպառնալիքներ է ստացել: Անգամ դիտարկվում է Իսլամական պետությանը հարող անձանց մեղսակցությունը` հաշվի առնելով Նեմցովի քննադատությունը ֆրանսիական խմբագրատնում իրականացրած ահաբեկչական ակտի հետ:
Իշխանություններն իրենց հերթին ընդդիմադիր գործչի սպանությունը որակել են որպես սադրանք՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին, ինչով էլ, թերևս պայմանավորվում է նաև նրանց օպերատիվությունը:
Չնայած վարկածների բազմազանությանը` միանշանակ դատողություններ կատարել որևէ վարկածի ճշմարտացիության առնչությամբ դեռևս վաղ է: Սակայն մի շարք հանգամանքներ հնարավորություն են տալիս գոնե մասամբ պատասխանել որոշ հարցադրումների: Ռուսական իշխանությունների հնարավոր մեղսակցության տարբերակը, կարող ենք ենթադրել, որ, թերևս, քննադատության ամենից քիչ դիմացողներից է՝ մի քանի պատճառով: Նախ Նեմցովը, լինելով բավական սկզբունքային ընդդիմադիր, այնուամենայնիվ չէր հանդիսանում խոշոր ֆիգուր (ինչպիսիք են Նավալնին, Խադարկովսկին), կամ ընդդիմության տարբեր ուժերին կոնսոլիդացնող անհատ: Բացի այդ, հաշվի առնելով մի կողմից ուկրաինական հակամարտության հետ կապված ռուսական հասարակությունում տիրող ոչ միանշանակ մոտեցումները, ինչպես նաև սանկցիաների հետևանքով առաջ եկած տնտեսական դժվարությունները, ռուսական ղեկավարությունը պետք է որ շահագրգիռ լինի խուսափելու հասարակական ավելորդ ակտիվությունից, հնարավոր շարժումներից կամ բողոքի ակցիաներից: Ըդդիմադիր գործչի սպանությունն անասկած իր հետ բերում է նման ռիսկեր, ինչը քաղաքական իշխանության համար հազիվ թե ցանկալի լիներ:
Անկախ այն հանգամանքից, թե հանցագործության իրական մեղավորները երբ և ինչպես կբացահայտվեն, մի բան ակնհայտ է. Նեմցովի սպանությունը ևս մեկ հարված էր Ռուսաստանի միջազգային հեղինակությանը: Բացի այդ, այն հնարավորություն տվեց նաև «փորձնական գնդի» սկզբունքը գործի դնելով հասկանալ Ռուսաստանում ակտիվ ընդդիմության հնարավոր պոտենցիալը: