Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքայի կառավարությունը Ցեղասպանության ճանաչման թեմայից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով շարունակում է գործի դնել հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության շուրջ սադրանքներ հրահրել: Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, որը նա արեց երկուշաբթի օրը, այս ռազմավարության ամենաթարմ դրսևորումն է: Իր հայտարարության մեջ Էրդողանը հայ-թուրքական սահմանի բացման հարցը կրկին կապում է ղարաբաղյան խնդրի հետ` նշելով, թե սահմանը կբացվի, երբ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանը քայլ կատարի ադրբեջանական տարածքները վերադարձնելու ուղղությամբ: Ղարաբաղյան կարգավորմամբ մտահոգված Էրդողանը, սակայն, քննադատության չի ենթարկում ադրբեջանական ագրեսիան`ուղղված ոչ միայն հայկական կանոնավոր բանակի, այլ նաև սահմանային գյուղերի խաղաղ բնակիչների դեմ, ովքեր ստիպված են ապրել իրենց բնակավայրերում` վախենալով դառնալ ադրբեջանական զինուժի անկանոն կրակահերթերի թիրախ կամ սպանվել ադրբեջանական դիպուկահարի կողմից:
Ակնհայտ է, որ նման հայտարարություններով Թուրքիայի ղեկավարը որեւէ կերպ չի նպաստում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, հակառակը` խրախուսելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, նպաստում է իրավիճակի էլ ավելի սրացմանը: Ուստի ինչո՞վ կարելի է բացատրել Թուրքիայի ստնձնած «միջնորդի» այս դերը: Պատասխանը պարզ է. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին լարվածության աճը ԼՂՀ-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան սահմանին շեղում է միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության ճանաչման հարցերից:
Մեկ այլ հետաքրքին եզրակացություն էլ կարելի է անել Թուրքիայի նախագահի այս հայտարարությունից: Այն կարելի է դիպել որպես Ռուսաստանին և ԱՄՆ-ին ուղղված հստակ ուղերձ: Էրդողանը նշում է, թե Ղարաբաղի հակամարտությունը կարող է հեշտությամբ կարգավորվել, եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը ցանկանան: Հակամարտության կարգավորոման բեռը դնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի ուսերին` Թուրքիան փորձում է ազատել իր «փոքր եղբորը» կարգավորման գործընթացում որդեգրած ապակառուցողական քայլերի պատասխանատվությունից: Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հնարավորինս օգուտ քաղել այն հանգամանքից, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այժմ կենտրոնացած են Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցի շուրջ:
Այսպիսով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին թվում է` Թուրքիան ու Ադրբեջանը յուրօրինակ համաձայնություն են ձեռք բերել` գործելու «պղտոր ջրում ձուկ որսալու» տրամաբանությամբ: Ե'վ Թուրքիան, և' Ադրբեջանը փորձում են հնարավորինս օգուտ քաղել ստեղծված բարդ իրավիճակից, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուկրաինական հակամարտության պատճառով առճակատում կա: Սակայն Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ այս իրավիճակը չի կարող հավերժ տևել: