ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Թալիշ գյուղի ուղղությամբ

11:07     3 մարտի, 2015

Մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է Panorama.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը (Շվեյցարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա/) ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը (Թուրքիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: 


© armedia.am