Ցիպրասը կայծակնային բարեփոխումներ է նախատեսում Հունաստանում

16:38     3 մարտի, 2015

Հունաստանի կառավարությունը սկսել է արագ տեմպերով իրականացնել իր նախընտրական ծրագրերը և պայքարել երկրում տիրող ծայրահեղ աղքատության դեմ: Վարչապետ Ցիպրասի գլխավորած կառավարությունն առաջ է քաշել ծրագրային այնպիսի փաթեթ, ըստ որի՝ պետք է վերջ դրվի բնակչության կենսամակարդակի անվերջ անկմանը, որն շարունակվում է արդեն 6 տարի:

Բարեփոխումների փաթեթը բնակչության անապահով խավին հնարավորություն է տալիս օգտվել անվճար էլեկտրաէներգիայից և  հասարակական տրանսպորտից: Այն նաև ներառում է 30 հազար եվրոյի բնակարանային վարձեր և 300 հազար եվրոյի կտրոններ՝  մթերք ձեռք բերելու համար:

Բարեփոխումների ամբողջ փաթեթը գնահատվել է 200 միլիոն եվրո: Պետական աշխատողները պնդում են, որ ֆինանսներն արդեն հայթայթված են, որոնց մի մասը տրամադրվել է եվրոպական օգնության ծրագրի շրջանակներում (աղբյուրը՝ euronews.com):

Պետք է նշել, որ վարչապետ Ցիպրասը հայտարարել է նաև այն մասին, որ հնարավորություն չի տալու ոչ մեկին կասկածելու, թե Հունաստանը ստիպված կլինի երրորդ անգամ դիմելու հակաճգնաժամային ծրագրին: Նշենք, որ սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված իր բարեփոխումների ծրագրով վարչապետը վստահություն կարող է ձեռք բերել իր եվրոպացի գործընկերների շրջանակներում, ինչն էլ կբարձրացնի հույն ժողովրդի հեղինակությունը եվրոպական այլ ազգերի մեջ:


© armedia.am