Օբամա. Իրանի միջուկային ծրագիրը չի վնասի Իսրայելի հետ ԱՄՆ հարաբերություններին

18:25     3 մարտի, 2015

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` Կոնգրեսում ունեցած ելույթին:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետը Կոնգրեսում ունեցած վերջին ելույթի ժամանակ հանդես էր եկել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության քննադատությամբ: Մասնավորապես, Թել-Ավիվում վախենում են, որ ԱՄՆ-ի նման քաղաքականության արդյունքում Թեհրանը հնարավորություն կունենա շարունակել  միջուկային զենք ստեղծելու իր նախագիծն անգամ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո:

Այս ելույթի առնչությամբ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Իրանի հետ համաձայնությունը չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ-Իսրայել ռազմավարական հարաբերությունների վրա: Սակայն նախագահը հավելել է, որ Թել-Ավիվի և Վաշինգտոնի միջև առկա են «լուրջ տարաձայնություններ» իրենց ընդհանուր նպատակի` Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու ծրագիրը արգելելու հարցում:

ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նաև, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որ Իրանը սառեցնի իր միջուկային գործունեությունն առնվազն 10 տարով:


© armedia.am