Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի արժեզրկման հետ կապված որոշ հացաբուլկեղեն արտադրողներ թանկացրել են իրենց արտադրանքի արժեքը 0.05-0.1 լարիով (մոտ 0.02-0,04$):
Անդրադառնալով տվյալ թանկացումներին՝ գյուղատնտեսության նախարար Օմար Կաչարավան նշել է, որ պետությունը չի կարող խոչընդոտել ոչ մեծ թանկացումներն:
«Նրանք սեփական նախաձեռնությամբ են բարձրացրել գները: Այս դեպքում մենք չենք կարող որոշակի գործուն միջոցառումներ իրականացնել, քանի որ դա մասնավոր ոլորտ է, և շուկան պետք է ինքնուրույն կարգավորի գները»,- նշել է Կաչարավան:
Բացի այդ, նա շեշտել է, որ Վրաստանում առկա է հացահատիկի և ալյուրի պաշար, ուստի հացի գնի զգալի աճ երկարաժամկետ հեռանկարում չի ակնկալվում:
2015թ-ի մարտի 1-ից Թբիլիսիում իրավաբանական անձանց համար թանկացել է բնական գազը: Ավելի վաղ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծիք էր հայտնել, որ գազի թանկացումը չի հանգեցնի երկրում հացի արժեքի բարձրացման, քանի որ գազի նոր սակագները չեն վերաբերվի հացի գործարաններին:
Վրացական լարիի արժեզրկումը սկսվել է դեռ անցած տարվա նոյեմբերի 20-ից և վերջին տվյալների համաձայն 1 դոլարն արժե 2,14 լարի՝ նախկին 1,75 լարիի փոխարեն: Ընդդիմության ներկայացուցիչները և տարբեր փորձագետներ միանշանակ հայտարարում են, որ լարիի արժեզրկուը հանդիսանում է Վրաստանի իշխանությունների «սխալ տնտեսական քաղաքականության» հետևանք: Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Գեորգի Կադագիձեն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունն արդեն շուրջ երկու տարի ուշադրություն չի դարձնում իրենց կանխատեսումներին: Բացի այդ, ըստ նրա, Ազգային բանկի դեմ սկսվել է զրպարտության արշավ: