Չորեքշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը շեշտել են, որ Աթենքը պետք է շարունակի իրականացնել ԵՄ գործընկերների հետ համաձայնեցված բարեփոխումների ծրագիրը:
Նոր Հանձնաժողովի ընտրությունից հետո, սա առաջին անգամն էր, որ Մերկելը հանդիպեց հանձնակատարներին:
«Այժմ խոսքը Եվրախմբի կողմից համաձայնեցված փաստաթղթի իրականացման մասին է: Եռյակը կտա իր գնահատականը և, կարծում եմ՝ մենք շատ աշխատանք պետք է կատարենք այս ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- ասաց Մերկելը՝ Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երկրորդ փուլի մասին խոսելիս:
Յունկերը, իր հերթին, կարծում է, որ չափազանց վաղ է Հունաստանի համար ֆինանսական օգնության երրորդ փուլի մասին խոսել, շեշտելով, որ Աթենքի հետ քննարկումների ամենակարևոր կետերից մեկը երկրի կողմից Եվրագոտու հետ համաձայնեցված միջոցառումների իրականացումն է: «Դեռ վաղ է երրորդ փուլի մասին խոսել: Դա ենթադրություն է, որից ավելի լավ է խուսափել»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Այս արձագանքը հաջորդեց Իսպանիայի ֆինանսների նախարար Լուիս դե Գինդոսի օրեր առաջ արված հայտարարությանը, որում ասվում էր, որ ֆինանսական օգնության փաթեթի տրամադրումն անխուսափելի է: Երբ ներկայիս 4-ամսյա ծրագիրն ավարտվի, մոտ 30-50 միլիարդ եվրոյի նոր ծրագրի քննարկումները կսկսվեն:
Այսպիսով, «նվաստացուցիչ իրադրությունը»՝ ինչպես Հունաստանի կառավարությունը կոչում է ներկայիս իրավիճակը, շարունակվում է՝ իր հետ նոր կառավարության պարտություն բերելով. բանակցությունների ընթացքում ամենօրյա զիջումներն ի վերջո հանգեցնում են նախընտրական ծրագրի կետերից քայլ-առ-քայլ հրաժարվելուն: ԵՄ ղեկավարները չեն հավատում, որ Հունաստանն ի վիճակի է իր պարտքերն ինքնուրույն մարել: Մոտակա շաբաթների ընթացքում Հունաստանը ստիպված կլինի սկսել պարտքերի մարումը. ակնկալվում է, որ այս ասմիս երկիրը կվճարի երկու միլիարդ եվրո Արժույթի միջազգային հիմնադրամին և մոտ երկու միլիարդ Եվրոպական կենտրոնական բանկին մինչ հուլիս և օգոստոս:
Մի բան հստակ է՝ Հունաստանն ապրում է բոլոր ժամանակների ամենաանորոշ շրջանը: Ժամանակի ընթացքում այս անորոշությունը կամ կդառնա լարվածության ավելի մեծ պատճառ, կամ Սիրիզայի ու երկրի բնակչության համար փրկության սկիզբ կդառնա: