2015-ը Մարսելում հռչակվել է «Հայաստանի տարի»

11:53     6 մարտի, 2015

Դեռ նախորդ տարի Ֆրանսիայի Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ, «Միություն հանուն ժողովրդական շարժման» անդամ  Ժան Կլոդ Գոդենը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջարկել էր 2015 թվականը Մարսելում հռչակել «Հայաստանի տարի» և 2015 թվականին նախատեսվող Ցեղասպանության ոգեկոչման և Հայաստանին նվիրված միջոցառումները կազմակերպել տարածքային չորս մարմինների համատեղ ուժերով: Այս մասին հաղորդում է «Հայերն այսօր»-ը:

Նախաձեռնության նպատակն է համախմբել Մարսելի և արվարձանների քաղաքապետերին, թաղապետերին` անկախ նրանց քաղաքական պատկանելությունից և նրանց ներկայացնել Հայաստանը, հայ ազգային մշակույթը, պատմությունը և Օսմանյան կայսրության կողմից  հայերի նկատմամբ իրականացված  ոճրագործությունը:

Ծրագրվել են մի շարք միջոցառումներ, ցուցահանդեսներ և համերգներ, որոնք պետք է իրականացվեն 2015թ. ընթացքում: Միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծվել է «Մարսել-Պրովանս-Հայաստան-2015» միությունը:


© armedia.am