Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի կայքը մարտի 7-ին հայտնել է երկրի զինված ուժերում գրանցված սպանության հերթական դեպքի մասին, որը, սակայն, դուրս է մնացել պաշտոնական լրահոսից, տեղեկացնում է Razm.info-ն։ Ադրբեջանական աղբյուրի համաձայն` Մռավում տեղակայված զորամասերից մեկում սպանվել է 24-ամյա զինծառայող, Սումգայիթից զորակոչված Բայրամով Անար Գյունեշ օղլուն, ում գնդակահարել է ծառայակիցը։
Կայքը հաղորդում է, որ սույն տեղեկությունը հայտնել են սպանվածի հարազատները՝ նշելով, որ նա ուներ բարձրագույն կրթություն և զորացրվելու էր այս տարվա հունիսին։
Նշենք, որ 2015-ի հունվարի 1-ից ի վեր սա Ադրբեջանի զինուժի 13-րդ կորուստն է, որն արձանագրել է Razm.info-ն ՝ բաց աղբյուրների մշտադիտարկամ արդյունքում։ Վերոնշյալից բացի, մարտի 7-ին հայաստանյան Times.am լրատվակայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր Ադրբեջանի զինուժի ևս 3 կորստի մասին՝ նշելով շարքայիններ Զամին Ամինովի, Ալեքպեր Աբասովի և լեյտենանտ Շալալ Հասանովի անունները։