Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի կանանց մարտի 8-ի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Թանկագի՛ն կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ, պայծառ ու լուսավոր մի տոն, որը լի է անսահման ջերմությամբ ու նվիրվածությամբ, սիրով ու հոգատարությամբ, գարնանային շնչով ու բերկրանքով:
Ինչքան էլ փորձենք այս տոնական օրը նուրբ ու քնքուշ խոսքեր ասել ձեզ, էլի չենք կարող արտահայտել այն խոր զգացմունքները, որ տածում ենք ձեր հանդեպ` սիրելի մայրիկներ ու տատիկներ, կանայք ու աղջիկներ, քույրեր, դուք, որ ամեն պահի մեզ հետ եք, օգնում ու աջակցում եք մեզ ամեն ինչում եւ ամենուր` տանը թե դրսում, ընտանիքում եւ աշխատանքում: Ձեր ակտիվ մասնակցությամբ մենք կարողացանք հաղթանակներ տանել պատերազմի դաշտում եւ այսօր էլ կառուցում ու շենացնում ենք մեր երկիրը: Վստահ եղեք` Արցախի իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ձեր կենսապայմանները բարելավելու, ձեր կյանքն ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելու համար:
Սիրելի՛ կանայք,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Թող ուրախ ու տոնական տրամադրությունը միշտ ուղեկցի ձեզ` բազմապատկելով ձեր անկրկնելի հմայքն ու գեղեցկությունը»: