Ռուսաստանը հզորացնում է իր Խաղաղօվկիանոսյան նավատորմը

12:36     9 մարտի, 2015

ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի արդիականացումը ցույց է տալիս Ռուսաստանի մտադրությունը` ընդլայնել սեփական ծովային ներկայությունը ողջ աշխարհում, գրում է The Diplomat պարբերականը:

«Ռուսաստանը, ինչպես և Չինաստանը գտնում է, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ընտրած ուղենիշը սպառնալիք է կրում ՌԴ համար: Ներկա պահին Ռուսաստանն ունի մի քանի տարածքային վեճ` Ճապոնիայի հետ և Կորեական թերակղզում», - գրում է պարբերականը:

2014թ. ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը կանոնակարգում է ռազմաարդյունաբերական համալիրը, հայտարարեց Հեռավորարևելյան դաշնային օկրուգում նավակառուցման զարգացման ծրագրերի մասին: Արդիականացման ծրագիրն իրականացնելու համար Ռուսաստանը ոչ միայն ավելացրել է ներդրումները Խաղաղօվկիանոսյան նավատորմում, այլև հայտարարել ռազմածովային բազաների շինարարության մասին Կուբայում, Վիետնամում, Սինգապուրում, Սեյշելյան կղզիներում և Նիկարագուայում: Վերջին տարվա ընթացքում ռուսական նավերի ներկայությունն օտարերկրյա նավահանգիստներում ավելացել է 35%-ով: Հոդվածի հեղինակների կարծիքով, այս բոլոր ցուցանիշներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Ռուսաստանը վերադառնում է սեփական ռազմական նավատորմի վրա հիմնված աշխարհաքաղաքականությանը:

ՌԴ ծովային քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Խաղաղօվկիանոսյան նավատորմը, որի նավերն ու բազաները կօգտագործվեն արկտիկական ծրագրերում, Աֆրիկայի շրջանում հակածովահենական առաքելություններում և Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերի զորավարժություններում:


© armedia.am