ԱՄՆ-ը դուրս կգա իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասնակիցների շարքից, եթե չլինեն անհերքելի ապացույցներ այն մասին, որ Իրանը չի ցանկանում ատոմային ռումբ ստեղծել: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Անկասկած, եթե գործարքը չկայանա, մենք կհեռանանք: Եթե մենք չկարողանանք ապացուցել, որ Իրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, մենք բավական ժամանակ կունենանք միջոցներ ձեռնարկելու համար», - ընդգծել է ԱՄՆ ղեկավարը: «Լավ լուրն այն է, որ Իրանն այս ողջ ընթացքում հավատարիմ է եղել համաձայնագրի պայմաններին: Նրանք չեն զարգացրել իրենց միջուկային ծրագիրը: Այսպիսով, մենք ոչինչ չենք կորցնում այս բանակցություններում», - պարզաբանել է Օբաման: Մյուս կողմից, նա հավելել է, որ «կողմերը բանակցություններում հասել են այնպիսի կետի, որտեղ արդեն տեխնիկական հարցերի ժամանակը չէ»: «Սա քաղաքական կամքի խնդիր է», - եզրափակել է Օբաման:
Իր հերթին, Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի և «վեցնյակի» միջև «միջուկային համաձայնագրի» կնքման հավանականությունը գերազանցում է 50%-ը: «Ես կարծում եմ, որ հաջողության շանսերն ավելի մեծ են: Համաձայնագրի ստորագրման հավանականությունն ավելի քան 50% է», - նշել է Իրանի արտգործնախարարը: «Իմ զգացողությամբ երկու կողմերն էլ վստահ են, որ այս համաձայնագիրն ավելի շատ օգուտ է բերելու, քան դրա բացակայությունը», - հավելել է Զարիֆը: Ընդ որում, նա կրկին ընդգծել է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն մինչև վերջնական համաձայնագրի կնքումը՝ կնկնելով ավելի վաղ իր կողմից հնչեցված սկզբունքը. «Ոչինչ չի կարող անջատապես համաձայնեցված համարվել, քանի դեռ ամեն ինչ համալիր կերպով համաձայնեցված չէ»: Ավելի վաղ CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է որոշակի սահմանափակումներ մտցնել իր միջուկային ծրագրում այն դեպքում, եթե Իրանի և «վեցնյակի» միջև բանակցություններն ավարտվեն պայմանավորվածությունների ձեռքբերմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարարն ավարտեցին բանակցությունների հերթական փուլը, որի նպատակը շրջանակային համաձայնագրի մշակումն է: Իրանն ու «վեցնյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներ և Գերմանիա) փորձում են շրջանակային համաձայնագրի մշակումն ավարտել մինչև մարտի 31-ը: Շվեյցարական Մոնտրյո քաղաքում կայացած բանակցությունների ավարտին կողմերը որոշակի առաջընթաց արձանագրեցին: