Կասպյան ռազմական հետազոտությունների «Խազար» ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից անցկացված ԶԼՄ մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի սկզբից մինչ այժմ անվտանգության և պաշտպանության հատվածում Ադրբեջանը 12 զինծառայողի կորուստ է ունեցել: Ընդ որում, կորուստներից 8-ը մարտական են, 4-ը` ոչ մարտական, փոխանցում է Artsakhpress-ը:
Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 7 զինծառայող զոհվել է «հակառակորդի« գնդակից, իսկ մեկը պայթել է ականի վրա: Ոչ մարտական կորուստներից երկուսը գրանցվել է ոչ կանոնադրական հարաբերությունների, մեկը` զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, մեկը` հիվանդությունից: Բացի այդ, 5 զինծառայող վիրավորվել կամ տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:
Ինստիտուտը նշում է նաև, որ կորուստների մոնիտորինգը նախորդ տարիների համեմատությամբ խիստ դժվարացել է, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և ուժային մյուս կառույցները ձգտում են թաքցնել կորուստները: «Խազար»-ը հայտնել է, որ իշխանություններն ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներին պատվիրել են մարտական կորուստների մասին տեղեկատվություն չտարածել: «Խազար»-ը նաև նշել է մանաթի արժեզրկման հետ կապված Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վիճակի վատթարացման մասին: «Զինծառայողների աշխատավարձերն առանց այն էլ չնչին են: Այսպես, թիկունքում ծառայող լեյտենանտները ամսական ընդամենը 500 մանաթ աշխատավարձ են ստանում, իսկ պայմանագրային ենթասպաներն ու սերժանտները` ավելի ցածր», -նշել է ինստիտուտը: «Խազար»-ն անդրադարձել է նաև ադրբեջանական բանակում առկա բնակարանային խնդիրներին. հազարից ավելի զինծառայողներ և ավելի պահուստի սպաներ գտնվում են բնակարանի հերթում, և հայտնի չէ, թե երբ նրանք բնակարան կստանան: Ըստ ադրբեջանական ինստիտուտի` քանի դեռ բանակում բավարար սոցիալական պաշտպանվածություն չկա, ոչ կանոնադրական հարաբերությունների հետ կապված խնդիրները կշարունակեն պահպանվել: Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն հայտնի է դարձել, որ տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստները կազմել են առնվազը 36 զինծառայող և 27-ից ավելի վիրավոր, նշում է Artsakhpress-ը: