Սաուդյան Արաբիան առաջ է անցել Հնդկաստանից

17:28     9 մարտի, 2015

 

Սաուդյան Արաբիան դարձել է աշխարհում զինամթերք ներկրող խոշորագույն երկիր՝ առաջ անցնելով Հնդկաստանից: IHS հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցի (Global Defence Trade Report) համաձայն 2014 թվականի Էլ-Ռիյադը զինամթերք գնելու համար 6,5 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել, ինչը 54%-ով ավելի է, քան նախորդ տարի: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են զենքի առևտուրն աշխարհի 65 երկրներում: Պարսից ծոցի իր հարևան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ միասին Սաուդյան Արաբիան 8,6 միլիարդ դոլար է ծախսել զենք գնելու համար, ինչն ավելի շատ է, քան ողջ արևելյան Եվրոպայի երկրները միասին: Կենտրոնի մասնագետների կարծիքով այս երևույթը պայմանավորված է «իրանական սպառնալիքով»: Զեկույցի հեղինակները նշում են, որ Սաուդյան Արաբիան մտավախություն ունի, որ Իրանը կարող է միջուկային տերություն դառնալ:

Մասնագետները կանխատեսում են, որ Սաուդյան Արաբիայի կողմից զինամթերքի ձեռքբերման ծավալների ավելացումն աճելու միտումներ ունի: Նրանք կանխատեսում են, որ 2015 թվականին զինամթերքի ներկրումն այս միապետության կողմից կավելանա 52%-ով՝ հասնելով 9,8 միլիարդ դոլարի: Առաջին տասնյակի մեջ մտել են հաջորդաբար Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Թայվանը, Ավստրալիան, Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Թուրքիան և Պակիստանը:

Մերձավորարևելյան շուկայի գլխավոր մատակարարը, ինչպես և նախորդ տարի, Միացյալ Նահանգներն է, որը 23,7 միլիարդ ԱՄՆ դոլարի զինամթերք է վաճառել տարածաշրջանի երկրներին: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է (10 միլիարդ դոլար), այնուհետև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Իսրայելը, Չինաստանը, Իսպանիան և Կանադան: 


© armedia.am