Թուրքիայի նախագահ Էրդողանը խստորեն քննադատել է Կենտրոնական բանկի որդեգրած դրամավարկային քաղաքականությունը: Նա ճնշում է գործադրում բանկի վրա՝ պահանջելով նվազեցնել տոկոսադրույքները: Արդյունքում ուրբաթ երեկոյան լիրան աննախադեպ անկում է գրանցել. մեկ դոլարը գնահատվել է 2.6470 լիրա (աղբյուրը՝ todayszaman.com):
Նախագահի քաղաքական միջամտությունը, որը սահմանափակում է Կենտրոնական բանկի անկախությունը, մեծ անհանգստություն է առաջացրել ներդրողների շրջանում: Շատ հավանական է, որ սա նույնպես լիրայի հետագա անկման պատճառ հանդիսանա: Արդեն կան կանխատեսումներ, որ մեկ դոլարն առաջիկայում 2.80 լիրա կգնահատվի:
Թուրքիայում արդյունաբարեկան արտադրանքը ավելացել է 2.6 տոկոսով 2013 թվականի համեմատությամբ, այս տարվա փետրվարի կտրվածքով այն ավելացել է 1.3 տոկոսով: Սակայն այս թվերը դեռ չեն երաշխավորում երկրի ընթացիկ հաշիվների պակասորդի կրճատում, որը կազմում է 6.82 միլիարդ դոլար: Թուրքական պակասորդը պետք է վճարվի կապիտալ ներհոսքերով, ինչը երկրի տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի համաշխարհային իրացվելիության տեսանկյունից հատկապես դոլարի բարձրացման ֆոնին:
Կառավարությունը մտահոգված է նախագահի կողմից Կենտրոնական բանկի նկատմամբ ճնշումների հանգամանքով և ցանկանում է մեղմել իրավիճակը: Վարչապետ Դավութօղլուն, Կենտրոնական բանկի կառավարիչ Էրդեմ Բասքին, փոխվարչապետ Ալի Բաբաքանը և ֆինանսների նախարար Մեհմետ Սիմսեկը անցյալ շաբաթ հանդիպել են՝ զսպելու համար Կենտրոնական բանկի դեմ ուղղված ճնշումները:
Սակայն Էրդողանը, բացի Կենտրոնական բանկի գործառույթներին միջամտելուց, գործարարներին և շուկայի մասնակիցներին կոչ է արել «չօգտվել» ստեղծված իրավիճակից և դոլարի բարձրացումից:
Էրդողանը շահագրգռված է տոկոսադրույքների նվազեցմամբ, որպեսզի ավելանա ներդրումների քանակը, սակայն Թուրքիան դեռևս պատրաստ չէ այդ քայլին, քանի որ դոլարով գրանցված բավականին մեծ արտաքին պարտք և պարտավորություներ ունի: Այս պայմաններում լիրայի արեժեզրկումը մեծ վնաս է հասցնում երկրի տնտեսությանը: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա, ինչպես երևում է վերը նշվածից, քաղաքական ճնշումները Բանկի նկատմամբ հավելյալ անվստահություն են առաջացնում նաև ներդրողների շրջանում: