ԵՄ հունիսյան գագաթաժողովում կքննարկվի ԵՄ բանակ ստեղծելու հարցը

10:15     10 մարտի, 2015

Եվրամիության բանակ ստեղծելու հարցը կարող է քննարկվել ԵՄ հունիսին կայանալիք գագաթաժողովի ժամանակ՝ պաշտպանության ոլորտում եվրոպական քաղաքականության քննարկումների շրջանակում: «Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կպատրաստեն եվրոպական քաղաքականությունն անվտանգության ոլորտում ամրապնդելու մասին առաջարկություն, որը կներկայացվի հունիսին կայանալիք գագաթաժողովին»,-հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևային: Վերջինս նաև նշել է, որ այս առաջարկությունը բնավ անսպասելի չէ, քանի որ այն ընդգրկված է եղել 2014թ. Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Յունկերի նախընտրական ծրագրում:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքով բանակը ԵՄ-ին անհրաժեշտ է ոչ թե անմիջապես այն գործի դնելու, այլ Ռուսաստանին հասկացնելու համար, որ ԵՄ լուրջ է վերաբերում իր անդամ երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Մոսկվայում  ԵՄ բանակ ստեղծելու մտադրության առնչությամբ կարծում են, որ ԵՄ բանակն իրականում կարող է սադրիչ դեր ունենալ:


© armedia.am