Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի և նրա որդու Հարիի` ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու որոշումից հետո Իրաքի հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը նամակ է հղել նրանց` նշելով Հայոց ցեղասպանության հարցում նրանց պատասխանատվության մասին. տեղեկացնում է Yerkir.am-ը` հղում կատարելով «Ակօս»-ին: Նամակում արքեպիսկոպոսն ասել է. «Այս միջոցառումը ցույց է տալիս, թե ինչպես է քաջալերվում մի ազգի հիշողությունները ոչնչացնելը»: Ասատուրյանը, որ Չանաքքալեի միջոցառումները որակել է «դաժանության և ժխտողականության հաղթանակ», հիշեցրել է 1915 թվականի իրադարձությունները «մարդկության դեմ հանցանք» որակող պետությունները, որից մեկը հենց Անգլիան է եղել: Նշելով, որ Ուիսնթոն Չերչիլը 1915 թվականի կոտորածները «ցեղասպանություն» է որակել` արքեպիսկոպոսը գրել է. «Անգլիան խոստացել էր պատժել Ցեղասպանության մեղավորներին, իսկ 21-րդ դարում պարգևատրվում է մի ողջ ազգի հանցագործը»: Հիշեցնելով նաև Հիտլերի հայտնի` «Ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը» խոսքը` Ասատուրյանն ասել է. «Ես ցանկանում եմ, որ արքայազն Չարլզը հիշի պատմությունն էլ, այս խոսքն էլ»: