TANAP-ի շինարարությունը կմեկնարկի մարտի 17-ին

16:45     10 մարտի, 2015

Տրանսանատոլիական գազատարի (TANAP) թուրքական հատվածի շինարարությունը կսկսվի 2015թ-ի մարտի 17-ին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա Կարսի շրջանում, որին ներկա կգտնվեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը:

«Արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին Կարսում նախագահների մակարդակով»,- հայտարարել է Յըլդըզը պողպատ արտադրողների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նախարարի խոսքով՝ գազամուղի կառուցման համար կօգտագործվի մոտ 1,3 միլիոն տոննա պողպատե խողովակ՝ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ: «Ընդամենը 200 հազար տոննա խողովակ է արտադրվելու արտասահմանում, իսկ 1,1 մլն տոննան պետք է ապահովեն տեղական արտադրողները: Ես հանդիսանում եմ խոշոր էներգետիկ ծրագրերում նրանց մասնակցության կողմնակից, քանի որ մենք ունենք բավարար առաջատար տեխնոլոգիաներ և անհրաժեշտ հզորություններ»,- նշել է նախարարը:

նախորդ տարվա հոկտեմբերին Անկարայում խողովակների ապահովման վերաբերյալ պայմանագրեր են ստորագրվել վեց թուրքական և մեկ չինական ընկերության հետ, ովքեր ճանաչվել են ավելի վաղ կայացած մրցույթի հաղթող: Նշենք, որ TANAP-ի կառուցմանը և մատակարարմանը մասնակցող բոլոր ընկերություններն ազատված են ԱԱՀ-ից:

TANAP-ը նախատեսում է «Շահ Դենիզ» հանքավայրից ադրբեջանական գազի տեղափոխումը թուրք-վրացական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահման: Նախագծի արժեքը կազմում է մոտ 10-11-մլրդ դոլար:

Խողովակաշարի նախնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 մլրդ մ/խ, որից 6 միլիարդը նախատեսված է Թուրքիայի, իսկ մնացած 10 մլրդ-ը՝ Եվրոպայի համար: Գազը Թուրքիա կհասնի արդեն 2018թ-ին, իսկ Անդրադրիատիկյան գազատարի (TAP) շինարարությունից հետո, այն եվրոպացի սպառողներին կհասնի մոտավորապես 2020թ-ի սկզբին: 


© armedia.am