Սպիտակ տան և Կոնգրեսի դեմոկրատները հանդես են եկել 47 հանրապետական կոնգրեսականների կողմից Իրանի առաջնորդներին ուղղված բաց նամակի քննադատությամբ: Այսպես, Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Էռնեստը համոզմունք է հայտնել, որ հանրապետականների այս նամակը նպատակ ունի ընդհատել ԱՄՆ-ի և իր դաշնակիցների՝ Իրանի հետ վերջինիս միջուկային ծրագրի շուրջ շարունակվող բանակցությունները: Նա Իրանի առաջնորդներին ուղղված հանրապետականների նամակը բնութագրել է որպես «նախագահի արտաքին քաղաքականության ձախողմանն ուղղված պարտիզանական ռազմավարության շարունակություն»: Ջոշ Էռնեստն ընդգծել է, որ բանակցություններն ընդհատելը հավասարազոր է Թեհրանի հետ պատերազմ սկսելուն:
Օբաման այս կապակցությամբ ասել է. «Ինչ-որ տեղ նույնիսկ հեգնանք է Կոնգրեսում տեսնել Իրանի հետ կոշտ քաղաքականության իրականացման կողմնակիցների»: Նշենք, որ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Օբաման հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն դեռևս չկա, սակայն դրա առկայության դեպքում Սպիտակ տունը կարող էր այն իրականացել:
Հիշեցնենք, որ նախօրեին 47 հանրապետական սենատորներ հանդես են եկել Իրանի առաջնորդներին ուղղված բաց նամակով: Նամակում նրանք հայտարարել են, որ առանց Կոնգրեսի համաձայնության Իրանի և Միացյալ Նահանգների միջև ցանկացած գործարք ուղղակի կվերածվի նախագահ Բարաք Օբամայի և Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի միջև գործարքի: Հանրապետականները զգուշացրել են նաև, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օբամայի վարչակազմի կնքած ցանկացած համաձայնագիր Իրանի հետ կարճ կյանք կարող են ունենալ, եթե չարժանանա Կոնգրեսի հավանությանը:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր հերթին հանրապետականների նամակը որակել է որպես «իսլամական հանրապետության թշնամիների քարոզչական հնարք»:
Նախատեսվում է, որ մինչև այս ամսվա վերջ կողմերին կհաջողվի համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակի շուրջ: