Շավարշ Քոչարյան. «Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ տարաձայնություն չունի»

10:32     11 մարտի, 2015

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, հայկական կողմը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-ին և 13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը, քանի որ որևէ տարաձայնություն չունի այդ երկրների հետ, փոխանցում է «Ազատության» ռադիոկայանը։

«Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, ինչը չեն թաքցնում, և իրենք փորձում են այդ՝ իրենց միջև եղած տարաձայնությունները հարթել: Մենք տարաձայնություն չունենք, մենք նոր ենք [ԵԱՏՄ] անդամ, մենք խնդիրներ չունենք այդ պետություններից որևէ մեկի հետ` կապված Եվրասիական տնտեսական միության հետ կամ այլ», - «Ազատության» հետ զրույցում այսօր պարզաբանեց փոխարտգործնախարարը:

Թեև որևէ հաղորդագրություն չի եղել այն մասին որ երեք նախագահների հանդիպումը կայանալու է ԵԱՏՄ ձևաչափի շրջանակում, այդուհանդերձ Կրեմլի պաշտոնական կայքէջը ընդգծում է, որ այդ հանդիպմանը կքննարկեն նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վիճակի և հեռանկարների հետ կապված հարցեր։

 


© armedia.am