Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միկսերը հայտարարել է, որ առաջիկա տարիներին ռազմական ծախսերը կկազմեն երկրի ՀՆԱ ավելի քան 2%-ը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին ՝ հղում կատարելով «Delfi» կայքին:
Անցյալ տարի Էստոնիայի խորհրդարանը հաստատել էր 2015թ-ի պետական բյուջեն՝ ռազմական ծասերը նախորդ տարվա համեմատ մեծացնելով 28 միլիոնով կամ 7.2%-ով: Ընդունված բյուջեի համաձայն՝ պաշտպանության համար ծախսերը կազմում են մոտ 412 միլիոն եվրո կամ երկրի ՀՆԱ 2.05%-ը:
2015թ-ի փետրվարին երկրի կառավարությունը հաստատել է մոտ 40 միլոն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր, որը նպատակ ունի ստեղծել համապատասխան պայմաններ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի զինված ուժերի համար և հետագայում մեծացնել դրանց թվաքանակը: Այդ գումարից մոտ 5.6 միլիոն եվրո պետք է տրամադրվի 2015թ-ին, ինչը մեծացնում է ռազմական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ 2.07%-ի:
«Ակնհայտ է, որ առաջիկա տարիներին մենք պետական պաշտպանության վրա կծախսենք ՀՆԱ 2%-ից ավելին: Եվրոպական անվտանգության հետ կապված փոփոխված իրավիճակում Էստոնիան զգում է դաշնակիցների ներկայության անհրաժեշտությունը և նրանց կեցության ծախսերը չպետք է կատարվեն ի հաշիվ սեփական պաշտպանունակության զարգացման»,- նշել է նախարար Միկսերը:
Հատկանշական է, որ Էստոնիան ՆԱՏՕ անդամ երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը իր ռազմական ծախսերի մակարդակով: Փետրվարին European Leadership Network (ELN) վերլուծական կենտրոնը հրապարակել է զեկույց, որից հետևում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների մեծամասնությունը չեն պահպանում ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ 2% մեծացնելու իրենց խոստումը, ավելին՝ որոշ երկրներ սկսել են կրճատել ծախսերը: Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Նիդեռլանդները և Ռումինիան խոստացել են մեծացնել ռազմական բյուջեն, սակայն այն չի հասել ՀՆԱ 2%-ի: Ֆրանսիայի ռազմական բյուջեն գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Բրիտանիան, ԳԴՀ-ն, Կանադան, Իտալիան, Հունգարիան և Բուլղարիան, ըստ զեկույցի, կրճատել են իրենց ռազմական ծախսերը: