The New York Times-ն անդրադարձել է հայ ժողովրդի ծագումնաբանությանը՝ հղում կատարելով bioRxiv թվային գրադարանունում նախորդ ամիս հրապարակված հայ ժողովրդի ԴՆԹ ուսումնասիրությունների արդյունքներին:
Այսպես, ամերիկյան հեղինակավոր պարբերականը գրում է, որ գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու կողմից առաջադրված Հայաստանի հիմնադրման տարեթիվը: Մ. Խորենացին գրում է, որ Հայաստանը հիմնադրվել է մ.թ.ա. 2492թ: Գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում Քեմբրիջի Սանգեր ինստիտուտի գիտնականները ևս հանգել են նման եզրահանգման:
Ծագումնաբանության մասնագետները հետազոտել են Հայաստանում ու Լիբանանում բնակվող 173 հայերի գենոմը և համեմատել աշխարհի 78 այլ ժողովուրդների գենոմների հետ: Նրանք հայտնաբերել են, որ հայերը հնագույն ժողովուրդների խառնուրդ են, որոնց ժառանգներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում ու աշխարհի մի շարք այլ տարածաշրջաններում, գրում է The New York Times-ը: Այս միախառնումը տեղի է ունեցել մ.թ.ա 3000-ից 2000 թվականներին:
Այս երևույթը բացատրվում է, այն հանգամանքով, որ բրոնզե դարաշրջանում տեղի է ունեցել ժողովուրդների մեծ տեղաշարժ, ինչն էլ հանգեցրել է հայերի գենոֆոնդի փոփոխության: Սակայն մ.թ.ա. 1200թ. հետո արևելյան միջերկրականի քաղաքակրթության անկումը հանգեցրեց հայերի մեկուսացման, ինչից հետո միախառնումներ, ըստ գիտնականների, տեղի չեն ունեցել: Հոդվածում նշվում է, որ հենց այդ մեկուսացմամբ է բացատրվում հայկական մշակույթի մի շարք բնութագրիչ հատկանիշներ:
Հետազոտողները նաև գենային տարբերություն են գտել արևմտահայերի ու արևելահայերի միջև, ինչը սկսել է զարգանալ մոտ 500 տարի առաջ: Տարեթիվը համընկնում է Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Իրանի միջև պատերազմների ու Հայաստանի բաժանման հետ:
Սանգերի ինստիտուտի գիտնականների թիմը հայ ժողովրդի նման երկար ժամանակ մեկուսացված ազգությունների ուսումնասիրությունը դիտարկում է որպես մարդկության պատմությունը վերականգնելու միջոց: